Եթե իշխանության եկած անձինք չեն սպասսարկում պետության շահերը, իհարկ, նրանք պետք է անեն այն, ինչ-որ անում են այսօր: Այս մասին 5-րդ ալիքի հետ հարցազրույցում ասել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը:

«Պետք է մարտնչեն ազգային հաստատությունների դեմ, պետք է փորձեն ոչնչացնել, պետք է փորձեն ոչնչացնել եկեղեցուն,արժեզրկել եկեղեցու հեղինակությունը,պատմական լայն կտրվածքով նսեմացնել այն դերակատարությյունը, որն ունեցել է եկեղեցին: Այս հարցում, կարծում եմ, որեւէ կասկածի տեղ չկա»,-ասում է նա:

Հարցին, թե եկեղեցին իրավունք ունի խառնվել քաղաքական գործընթացներին՝ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը պատասխանեց, որ նմանօրինակ հայտարարությունները իշխանության ներկայացուցիչների կողմից, իրեն հիշեցնում է ինչ-որ մի «հնամաշ երգի ակորդներ»:

«Եկեղեցին երբեւէ իշխանություն դառնալու հավակնություն դրսեւորե՞լ է, ոչ, չի դրսեւորել: Եկեղեցին ընդամենը երկրում ծավալվող իրադարձությունների վերաբերալ իր մտահոգություններն է արտահայտել: Եկեղեցականը, որն ունի բարձրագույն կրթություն, որոշակի պատրաստվածություն, ինչու պետք է զրկված լինի այդ հնարավորությունից: Ինչու ենք մենք ստիպված լինում դիրքորոշումներ որդեգրել այնպիսի հարցերի վերաբերալ, որոնք քաղաքական են, դա լավ օրից չէ, վատ օրից է, հաճելի չէ, զբաղվել այն հարցերով, որոնք ուղղակի քո պարտավորությունների մեջ չեն մտնում, բայց դառնում են քո ուղղակի պարտականությունը, երբ որ իրապես որոշակի ռիսկեր, վտանգներ են ներկայացնում քո երկրի համար: Հիմա, երբ որ դու Արցախը կորցրել ես, Հայաստանի համար ստեղծել ես գոյաբանական սպառնալիքներ, այդ սպառնալիքները մեզ չեն վերաբերո՞ւմ, էդ վտանգները մեզ չեն վերաբերում, չեն վերաբերում այն մարդկանց,ո րոնց հետ մենք ամենօրյա կոնտակտի մեջ ենք: Այս կոնտեքստի մեջ որ նայում ես, ուղղակի անհեթեթություն  է եւ իրենց բնորոշ մանիպուլյացիա է այս թեզերի շրջանառությունը՝ եկեղեցին քաղաքականությամբ է զբաղվում: Երկրորդ այն, ինչի մասին, որ եկեղեցին խոսում է, այդ մասին եկեղեցին խոսել է 2000 տարիներ: Ամեն մի տգետ իրավոեւնքի ունի կարծիք հայտնելու, իսկ եկեղեցին ո՞չ, դա ուղղակի տգիտություն է, ես հատուկ եմ այդ բառը օգտագործում, որ իրենք որոշակի վիրավորանք ունենան եւ դադարեն դա շրջանառելուց»,-ասել է նա: