Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանի Լիբանանի ԱԳ նախարար Ադնան Մանսուրի հետ նոյեմբերի 1-ի հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունների ներկա վիճակը եւ զարգացման հեռանկարները: NEWS.am-ին Արտաքին գործերի նախարարությունից հայտնեցին, որ երկուստեք ընդգծվել է բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելությունների իրականացման, առկա իրավական դաշտի թարմացման, միջազգային կազմակերպություններում համագործակցության խորացման, առեւտրատնտեսական հարաբերությունների ակտիվացման անհրաժեշտությունը: Նախարար Մանսուրը կարեւորել է հայ համայնքի դերակատարությունը երկրի քաղաքական, սոցիալ-տնտեսական եւ մշակութային կյանքում:
Նոյեմբերի 2-ին դեսպան Քոչարյանը հանդիպում է ունեցել Լիբանանի արդյունաբերության նախարար Վրեժ Սափունջյանի հետ, որի ընթացքում քննարկվել են երկկողմ առեւտրատնտեսկան հարաբերությունների զարգացման հեռանկարները: Ընդգծվել է երկու երկրների գործարար շրջանակների փոխադարձ այցելությունների կազմակերպման, գործարար համաժողովների անցկացման, առեւտրատնտեսական պալատների սերտ համագործակցության կարեւորությունը: Դեսպան Քոչարյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական զարգացումներն ու առաջնայնությունները, ներդրումներ անելու հնարավորությունները:



























