Եմենի երկու քաղաքներում, անցնող օրվա ընթացքում նվազագույնը 13 մարդ է սպանվել, ավելի քան 40 մարդ վիրավորվել է տեղի ունեցած բախումների հետեւանքով: Ինչպես հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը, 10 մարդ` հիմնականում քաղաքացիական անձինք զոհվել են Թաեզ քաղաքում` կառավարական զորքերի եւ տեղի ցեղերի միջեւ բախումների ընթացքում: Եւս երեք մարդ սպանվել է Սանում, հայտնում է  rosbalt.ru-ն:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին, Եմենի իշխանություններն ապստամբ գեներալ-մայոր Ալի Մուհսեն ալ-Ահմարի հետ ստորագրեցին համաձայնագիր պատերազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ: Այդ ժամանակ էլ կողմերը պայմանավորվել են  ազատ արձակել բոլոր այն քաղաքցիներին, ովքեր ձերբակալվել էին բախման ժամանակ:

Ավելի վաղ` հոկտեմբերի 22-ին, ԱՄՆ կոչ է արել Եմենում իշխանությունը անհապաղ փոխանցել: Ինչպես նշվում էր ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությունում, միջազգային հանրությունը պարզ արտահայտել է իր դիրքորոշումը` Եմենի նախագահ Ալի Աբդալա Սալեհը պետք է հնարավորություն ընձեռնի իր ժողովրդին ապրել անվտանգ երկրում, ազատ բռնություններից:

Հակակառավարական ելույթները Եմենում սկսվել են փետրվարի սկզբից: