Հայաստանում կադրային վերադասավորումները կարող են տեղի ունենալ առաջիկա խորհրդարանական ընտրությունների լույսի ներքո: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս Յոհան Շմիդտը:

«Ես կարծում եմ, որ այդ գործընթացը կապված է Հայաստանի նախագահի բազմիցս արված հայտարարության հետ, որ առաջիկա ընտրությունները պետք է կազմակերպել ավելի լավ, քան 2008-ի ընտրությունները: Վերջին ամիսներին ԵՄ ներկայացուցիչների հետ հանդիպումներում, նա խոստացել է ազատ ընտրություններ կազմակերպել, շարունակել կոռուպցիայի դեմ պայքարը, մաքսային համակարգն այնպես կազմակերպել, որը հաշվի կառնի Եվրամիության քննադատությունը` ԵՄ ասոցացման պայմանագրի համատեքստում»,- հայտարարել է դեսպանը:

Բարեբախտաբար, նրա խոսքով, ազատ առեւտրի մասին համաձայնագրի շուրջ բանակցությունները շարունակվում են, որի պայմաններից մեկը երկիրը մաքսային ծառայության եւ մտավոր սեփականության պաշտպանության ոլորտներում անհրաժեշտ մակարդակի նախապատրաստելն է: