Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության արդեն նախկին պատգամավոր Արմեն Մելիքյանը մանդատը վայր է դրել` Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում դասախոսական աշխատանքի անցնելու նպատակով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Բաղդասար Մհերյանը: Նա նշեց, որ առաջիկա օրերի ընթացքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում տեղի կունենա քաղխորհրդի նիստ, որտեղ էլ կորոշվի, թե համամասնական ցուցակից ով կփոխարինի պատգամավորական մանդատից հրաժարված Արմեն Մելիքյանին: Կուսակցության համամասնական ցուցակում նրան հաջորդում է Վերահսկիչ պալատի աշխատակից Իրինա Գրիգորյանը:
Նշենք, որ Արմեն Մելիքյանը, ով նախքան պատգամավոր դառնալը «Մալաթիա» բժշկական կենտրոնի տնօրենների խորհրդի նախագահն էր, պատգամավոր էր դարձել 2007թ. նոյեմբերի 9-ին: Ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի` պատգամավորը հրաժարականի մասին իր գրավոր դիմումը անձամբ ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին, որն այն հրապարակում է Ազգային ժողովի առաջիկա նիստում։ Եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ 15 օրվա ընթացքում, պատգամավորը հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում է Ազգային ժողովի նախագահը եւ հնգօրյա ժամկետում ուղարկում Կենտրոնական ընտրական հանձնաժողով:




























