«Հիզբոլահը» հայտարարել է, որ նոյեմբերի 4-ին բողոքի ակցիա է կազմակերպելու Թավրիզում գտնվող Բաքվի հյուպատոսության շենքի մոտ, այնուհետեւ գրոհելու են հյուպատոսության շենքը, գրում է ադրբեջանական «Ազադլըգ» թերթը` վկայակոչելով իրանական լրատվամիջոցները: Թերթը գրում է, որ այդ մասին տեղեկություն է տարածել «Հիզբոլահի» իրանական թեւի` Թավրիզի ներկայացուցչության գլխավոր քարտուղար Հոջաթուլիսլամ Ռուհուլա Բեջանին:

«Թավրիզի երիտասարդները բողոքելով սիոնիստական ուղղությամբ առաջնորդվող Ադրբեջանի հանրապետության դեմ, կասեցնելու են այդ պետության` Թավրիզի գլխավոր հյուպատոսության գործունեությունը, հանելու են աշխատողներին այդ շենքից: Իմաստուն եւ մեծ անձինք մինչ օրս կասեցրել են դա` հույս ունենալով, որ Ադրբեջանի հանրապետությունը ետ կկանգնի այդ հակաիսլամիստական գործողություններից, սակայն դա տեղի չի ունեցել»,-եզրափակում է «Ազադլըգը»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ը հատուկ օր է Իրանի կրոնական վարչակարգի համար: 1979-ի նոյեմբերի 4-ին 3 հարյուր իրանցի ծայրահեղականներ հարձակվել էին Իրանում ԱՄՆ-ի դեսպանության վրա եւ գերի վերցրել 9 հոգու:

Ավելի վաղ NEWS.am–ը հաղորդել է, որ ադրբեջանական «Պոլիգոն» գործակալության պնդմամբ, պարսկական-մոլլայական ռեժիմն Ադրբեջանում նոր քարոզչություն է սկսում` հակասություններ բորբոքելով հրեաների եւ մահմեդականների միջեւ: Տեղեկության մեջ ասված է. «Նոր կրթական տարին սկսվելուն պես Ադրբեջանում արգելվում է հիջաբներով դպրոց հաճախելը: Սակայն Կրթության նախարարությունը չի արգելում հրեական խորհրդանիշ հանդիսացող «կիպա» գլխարկների կիրառումը: Ադրբեջանի հանրապետությունն անխոս բավարարում է երկրում ազգային փոքրամասնություն համարվող հրեաների բոլոր պահանջները: Մինչդեռ արգելում է բնակչության 96 տոկոս կազմող մահմեդականներին հիջաբ կրել եւ խախտում նրանց կրոնական իրավունքները: Շատ ցավալի է, որ հրեական գործոնի ազդեցության ներքո Ադրբեջանի իշխանությունները սկսել են ճնշում գործադրել մահմեդականների վրա»,-նշել էր իրանական կայքերից մեկը: