ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեն նոյեմբերի 2-ին հավանություն է տվել Իրանի դեմ պատժամիջոցների փաթեթին:  Նշենք, որ որոշումն ընդունվել էր այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն Իրանին մեղադրել էր դավադրության մեջ, որով իբրեւ թե նախատեսվում էր սպանել Վաշինգտոնում  Սաուդյան Արաբիայի դեսպանին: Թեհրանը կտրականապես ժխտել էր այդ մեղադրանքները` անվանելով դրանք վատ կազմակերպված քաղաքական շոու, ներկայացված ԱՄՆ-ի կողմից,  որպեսզի պառակտի իսլամականհամայնքը եւ թուլացնի տարածաշրջանում Իրանի աճող ազդեցությունը: 

ԱՄՆ պատժամիջոցների նոր փաթեթը  ուղղված է իրանական ֆինանսական շահերի դեմ, այդ թվում` նավթային ոլորտում, ինչպես նաեւ ատոմային ծրագրի դեմ:Մասնավորապես,  նոր պատժամիջոցները արգելում են իրանական նավթագազային սեկտորի հետ կապ ունեցող որեւէ անձի ամերիկյան վիզա տրամադրելը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, նախօրեին Իրանի այաթոլլահի առաջնորդ Ալի Համենեին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն այսօր «աշխարհի ամենախոշոր ահաբեկիչն է: Նրա խոսքով` Իրանը «հարյուրավոր փաստաթղթեր ունի, որոնք վկայում են ԱՄՆ ահաբեկչական էությունը եւ նրանց մասնակցությունը ահաբեկչական գործողություններին» ինչպես Իսլամական Հանրապետութոյւնում, այնպես էլ Մերձավոր եւ Միջին Արեւելքում: Այդ փաստաթղթերը Ամերիկայի երեսից դեն կնետեն մարդու իրավունքների պաշտպանի եւ ահաբեկչության դեմ պայքարողի  քողը», -   նշեց իրանցի ղեկավարը: