Թուրքիայի եւ Իսրայելի բախման հավանականություն կա, այս անգամ` արդեն տիեզերական հարթությունում: Այս մասին հաղորդում է թուրքական Today`s Zaman թերթը: Խոսքը թուրքական տիեզերական նախագծի` լրտես-արբանյակ «Gokturk»-ի մասին է:

Թերթի տվյալներով` արբանյակը կարող է հետախուզական տեղեկություններ հավաքել  Կովկասի, Եվրոպայի եւ Մերձավոր Արեւելքի մասին: Անկարան պնդում է, որ արբանյակն իրեն  հարկավոր է հիմնականում քուրդ ապստամբների մասին տեղեկություններ հավաքելու համար: Իսրայելն էլ վախենում է, որ թուրքերը կարող են իր ռազմական օբյեկտների մասին խիստ կարեւոր տեղեկությունը վաճառել արաբներին: Իսրայելը փորձում է իր լոբբին ամրապնդել Ֆրանսիայում, մասնակցում է թուրքերին սահմանափակելու ծրագրին:

Սակայն Today`s Zaman-ը վստահեցնում է, որ այդ ջանքերը ապարդյուն են:Իսրայելցիները նաեւ ուղղակիորեն դիմել են թուրքերին` խնդրելով  չվաճառել տեղեկությունը արաբներին: Թուրքիայի պաշտպանության նախարարության պաշտոնյաներից մեկն իբրեւ թե պատասխանել է. «Սա մեր արբանյակն է, եւ մենք ենք որոշում` ինչպես տնօրինել դրա հավաքած տեղեկատվությունը եւ ում այն վաճառել:  Երկար տարիներ շարունակ Իսրայելը լուսանկարում է մեր տարածքը: Միջազգային հարաբերություններում փոխադարձությունը շատ կարեւոր է: Առաջին անգամ մենք հետախուզական սեփական արբանյակ ունենք: Թուրքիան ունի նույն իրավունքները, ինչ Իսրայելը»: