NEWS.am-ը կրճատումներով ներկայացնում է Ալեքս Ռոբերտսոն Թեքսթորի հոդվածը` հրապարակված «Gadling» կայքում:

Անծանոթ տեղանքի գյուղատնտեսական բարիքները ճանաչելու եւ խոհարարական նախասիրությունները հասկանալու համար լավագույն վայրերից մեկը շուկան է: Երեւանի գյուղատնտեսական փակ շուկան բացառություն չէ: Այն հիշեցնում է հարուստ զարդարված մոդեռն ոճի ինքնաթիռային հանգար: Հայաստանի մայրաքաղաքի առօրյա եռուզեռը տեսնելու, մրգեր, բանջարաեղեն ու համեմունք գնելու համար այս շուկան աշխույժ եւ գրավիչ վայր է:

Վաճառողներն առաջարկում են համտեսել եւ հասկանում են հաճախորդի տրամադրությունը: 1,5 ժամում ինձ տասնյակ առաջարկներ արեցին փորձել ընկույզների, չրերի եւ համեմունքի բազմաթիվ տեսակներ: Գները ողջամիտ են: Այդ պատճառով փակ շուկան անմիջական օգտագործման մթերքներ եւ նվեր գնելու համար հարմար վայր է: Իմ ընրությունը կանգնեց մեղրի եւ զաֆրանի վրա:

Զաֆրանը լայնորեն է ներկայացված երեւանյան շուկայում: Այն թանկ է: Փոքր բաժակով զաֆրանն արժե 1000 դրամ (մոտ $2,65), հատկապես, հազվագյուտ զաֆրանն ավելի թանկ է` 5000 դրամ ($13,20): Իրանը զաֆրանի խոշորագույն արտադրողն է աշխարհում: Երեւանում եւս վաճառվում է իրանական զաֆրան: Երեւանից մինչեւ Իրանի սահման ընդամենը հինգ ժամվա ճանապարհ է ավտոմեքենայով:

Մեղր գնելու իմ ցանկությունը ընդունվեց դրվատանքով: Մեղրը վաճառվում է եւ բազմակի օգտագործման տարաներով, եւ պիտակավորված: Համեղ մեղր է վաճառում «Մուլտի-Ագրոն»` տեղական բրենդ է: 150 գրամանոց տարայով մեղրն արժե 550 դրամ ($1,45): Շուկայի հաճախորդները հիմնականում տեղի բնակիչներն են: Հանդիպում են նաեւ զբոսաշրջիկներ: Եթե դուք նման չեք տեղացու, ապա կարժանանաք վաճառողների մեծ ուշադրությանը: