Վերջին զարգացումները ցույց են տալիս, որ այս իշխանությունը դասական առումով Ադրբեջանի խամաճիկն է, և անում է բացարձակապես այն, ինչ Ադրբեջանն իրենից պահանջում է: Այս մասին, այսօր՝ փետրվարի 2-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ խոսելով իշխանության՝ ՀՀ Սահմանադրության փոփոխության առաջարկի մասին:

«Ադրբեջանի պահանջները կատարում են, ժողովրդին էլ վախեցնում, ասում պատերազմ կլինի: Մինչև Փաշինյանի պաշտոնավարումը հռչակագիրը երբեք պատերազմի առիթ չէր եղել, ու մեղավորը ոչ թե ագրեսիվ միջավայրն է, այլ իր վարած քաղաքականությունը»,-ասաց նա:

Արթուր Խաչատրյանի խոսքով, եթե իշխանությունը խոսում է անհրաժեշտ երկկողմ երաշխիքների մասին, որ հետագայում նոր կոնֆլիկտ չի բռնկվի, ապա փոփոխությունները պետք է հայելային լինեին, սակայն այդ պահանջը Նիկոլ Փաշինյանը վախեցավ ներկայացնել Իլհամ Ալիևին, վերջինս էլ միակողմանի զիջումների մասին միայն խոսեց:

Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 1-ին, մի քանի րոպե տարբերությամբ Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը հայտարարել են Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և Անկախության հռչակագրից հրաժարվելու անհրաժեշտության մասին: Նիկոլ Փաշինյանն ասել է , որ Սահմանադրության փոփոխությունը անհրաժեշտություն է խաղաղության  հասնելու ճանապարհին: