Աշխատանքային այցով Լեհաստանում գտնվող ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր` նոյեմբերի 3-ին, Վարշավայում հանդիպել է Լեհաստանի տարածքային զարգացման նախարար Էլիզաբետա Բիենկովսկայայի հետ:

ՏԿՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կողմերը գոհունակություն են հայտնել հայ-լեհական միջպետական կանոնավոր հարաբերությունների առնչությամբ` նկատելով, որ երկու երկրների միջեւ առկա է  բարձր մակարդակով փոխվստահելի քաղաքական երկխոսություն: Նշվել է, որ երկու  ժողովուրդների դարավոր բարեկամությունն ու համագործակցությունը լավ հիմք է ստեղծում միջպետական հարաբերությունների համապարփակ զարգացման եւ փոխգործակցությունը բոլոր ուղղություններով խորացնելու համար: 

Երկուստեք նշվել է, որ առկա առեւտրաշրջանառության ծավալը չի գոհացնում կողմերին: Միաժամանակ  արձանագրվել է, որ տնտեսական համագործակցության բնագավառում առկա ներուժի իրացման համար ձեւավորված է իրավապայմանագրային լավ հիմք: Կարեւորվել է Տնտեսական համագործակցության հարցերով հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը, որի շրջանակում քննարկվում են փոխշահավետ ծրագրերի իրականացման հնարավորությունները:

Երկկողմ շփումների ակտիվացմանը կնպաստի նաեւ լեհական LՕT ավիաընկերության կողմից իրակացվող Վարշավա-Երեւան չվերթը:

Անդրադառնալով ԵՄ Արեւելյան գործընկերության ծրագրին` փոխվարչապետն ընդգծել է, որ այն նոր հարթություն է տեղափոխում Հայաստանի եւ Եվրամիության ու կառույցի  անդամ երկրների միջեւ համագործակցությունը: Բարձր գնահատելով այս ծրագրում Լեհաստանի կարեւոր ներդրումն ու դերակատարությունը` նա հույս հայտնեց, որ Լեհաստանի նախագահության ընթացքում առաջընթաց կգրանցվի Արեւելյան հարեւանների հետ հարաբերություններում:

Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջեւ ապակենտրոնացված մակարդակով համագործակցության հաստատման, տեղական ինքնակառավարման  համակարգի բարեփոխումների գործընթացում լեհական փորձի կիրառմանն առնչվող հարցեր:

Փոխվարչապետի խոսքվ, ապակենտրոնացման լեհական փորձն օգտակար կարող է լինել Հայաստանում ՏԻ ոլորտի բարեփոխումների համար: Դրական գնահատելով երկու նախարարությունների միջեւ սկիզբ առած գործակցությունը եւ 2010թ. ստորագրված  փոխըմբռնման հուշագիրը` կողմերը  կարեւորել են այն առավել գործնական  եւ ակտիվ դարձնելու  անհրաժեշտությունը:

 Երկուստեք կարեւորվել է  նաեւ երկու երկների ռեգիոնների միջեւ ուղիղ շփումների  հաստատման  եւ զարգացման, նրանց միջեւ տնտեսական կապերի ամրապնդման անհրաժեշտությունը:  Նշվել է, որ այս ոլորտում արդեն  առկա է համագործակցության  փորձ. Հայաստանի մի շարք  մարզեր եւ քաղաքներ համագործակցում են  Լեհաստանի տարածքային միավորների հետ, եւ առկա են կապերը խորացնելու լավ նախադրյալներ: Դրական է համարվել Երեւանի եւ Վարշավայի միջեւ փոխշահավետ համագործակցության խորացումը: