Դատարանն այսօր՝ փետրվարի 5-ին հրապարակեց ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր  Արմեն Չարչյանի գործով դատավճիռը. նա դատապարտվեց 4 տարվա ազատազրկման: Վերջնական պատիժ է նշանակվել 3 տարի 7 ամիս 13 օր ժամկետով ազատազրկումը:

Պատիժը պայմանականորեն չի կիրառվի, Չարչյանի նկատմամբ կսահմանվի փորձաշրջան 3 տարի ժամկետով։

«Սահմանվեց փորձաշրջան, սա նշանակում է, որ Չարչյանն անազատության մեջ չի գտնվելու։ Դատավճռի մասով մենք ունենք անհամաձայնություն, մենք ի սկզբանե ասել ենք, որ Չարչյանն անմեղ է, ու տվյալ պարագայում պետք է կայացվեր արդարացման ակտ։ Դատական ակտը նորից բողոքարկելու ենք և փորձելու ենք արդարությունն արդարացման տեսանկյունից վերականգնել վերաքննության կարգով»,– լրագրողներին ասաց Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսյանյանը։

Բժշկական գիտությունների դոկտոր, դոցենտ Արմեն Չարչյանն ակտիվ մասնակցություն է ունեցել Արցախյան հերոսամարտին, մասնագիտական գործունեության ընթացքում արժանացել է մի շարք պետական պարգևների, շուրջ 200 գիտական աշխատությունների հեղինակ է: