Գյումրեցի մի խումբ փաստաբաններ դժգոհում են, թե իրենց վտարում են գրասենյակից, ուր տարիներ շարունակ աշխատել են: Գրասենյակը գտնվում է մթերային շուկայի հարակից տարածքում եւ այն վաճառվել է:

«Մենք վարձակալ էինք, այսինքն վարձ էինք տալիս, հետո իմացանք, որ վաճառվում է, ասում են` խանութ է կառուցվելու, բայց մեզ տեղյակ անգամ չի պահվել»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գյումրիում գործող փաստաբաններից մեկը` խնդրելով չհրապարակել իր անունը: Ըստ փաստաբանի` դիմել են դատարան, սակայն գործը հանգուցալուծվել է հօգուտ քաղաքապետարանի, որն էլ առանց տեղյակ պահելու վաճառել է այդ տարածքը:

«Հիմա մեզ թե վարձակալելու եւ թե գնելու համար այնպիսի գումար են հայտարարում, որ մարդկային խելքին ու տրամաբանությանը, առավել եւս` շուկայական գներին,  չի համապատասխանում»,-պատմեցին փաստաբանները: Նրանց կարծիքով` ժամանակ է տրամադրվել մինչեւ նոյեմբերի 10-ը, որից հետո փաստաբաններին գրասենյակից կվտարեն: