Ադրբեջանի Դասական ժողովրդական ճակատ կուսակցության` Գերագույն խորհրդի անդամ, կուսակցության Գեդեբեի մասնաճյուղի ներկայացուցիչ Ալի Աբդուլաեւը դաժանորեն ծեծի է ենթարկվել Գեդեբեի շրջանի գործադիր ղեկավարի` Նահիդ Ալահվերդիեւի եղբոր` Նիջաթ Ալահվերդիեւի կողմից, հաղորդում է ադրբեջանական Teleqraf.az կայքը` վկայակոչելով Գեդեբեից ստացած տեղեկությունները:
«Նիջաթ Ալահվերդիեւ անունով անձը եկել է թեյարան, որտեղ գտնվել է ընդդիմադիր գործիչը եւ նրան դուրս հրավիրել զրուցելու պատրվակով: Աբդուլաեւը դուրս է եկել թեյարանից, որից հետո գործադիրի եղբայրը սկսել է երկաթե ձովող հարվածել նրան: Ծեծի հետեւանքով, ընդդիմադիր գործիչը ստացած ծանր վնասվածքներից կորցրել է գիտակցությունը: Այնուհետեւ տեսնելով իր զոհին արյան մեջ կորած` Նիջաթ Ալահվերդիեւը փախել է դեպքի վայրից:
«Հասցված հարվածների հետեւանքով կոտրվել է Ադբուլաեւի աջ ոտքը, վնասվել է նաեւ նրա դեմքը, իսկ կրծքավանդակի վրա ստացված վնասվածքները լուրջ առողջական խնդիրների են հանգեցրել: Դեպքի մասին տեղեկացրել են շրջանային ոստիկանական բաժանմունքին եւ ՆԳՆ ծառայությանը: Աբդուլաեւը տեղափոխվել է Շեմքիրդեքի հիվանդանոց»,-նշում է աղբյուրը:
Teleqraf.az-ը հաղորդում է, որ ոստիկանական բաժանմունքի պետ Նաթիգ Հուսեյնովը հայտնել է, որ ներկայումս օպերատիվ խումբը փնտրում է Նիջաթ Ալահվերդիեւին: Վերջինս Գեդեբեի Գումլու դպրոցի տնօրեն Գաբիլ Ալահվերդիեւի որդին է:




























