Պատգամավոր, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է շարունակվող իրավաբանական անհեթեթությունը՝ կապված հինգ ոստիկանների դեմ հարձակման մեղադրանքի հետ։
Լեւոն Քոչարյանը հիշեցրել է, որ մեղադրանքը վերաբերում է նրա կալանավորմանը բողոքի ակցիաների ժամանակ։ Քոչարյանը ձերբակալվել էր, հետո ազատ արձակվել, քանի որ ստացել էր պատգամավորի մանդատ։ «Սակայն գործը չի փակվել, չնայած դրա լիակատար անհեթեթությանը։ Երեկ ինձ եւ Սերգեյ Ասատուրովին կանչել են քննության ավարտի հետ կապված։ Անհասկանալի ձեւով Ասատուրովին ներկայացվել է մեղադրանք նույն հոդվածով, անհասկանալի է, թե ինչու։ Նորից հարցաքննություն է կայացել, ինչպես պարզվում է, քննությունը փոխել է «իրադարձության» նկարագրման որոշ մասը։ Հիմա գործնն ուղարկվելու է դատարան»,- տեղեկացրել է Քոչարյանը։ Մանրամասներ այն մասին, թե որ մասն է փոխվել, պատգամավորը չի նշել՝ խոստանալով անել դա, երբ գործը հասնի դատարան։
«Հարկատուները քննիչներին եւ դատախազներին վճարում են, որպեսզի այսպիսի անհեթեթություն տեղի ունենա»,- նշել է Քոչարյանը։
Նա նորից հայտնել է, որ մեղադրանքը կառուցվում է մի քանի ոստիկանների կեղծ ցուցմունքների վրա, այդ ցուցմունքները հաստատված չեն ոչ մի փաստով, չկան ոչ տեսանյութեր, ոչ այլ անձանց ցուցմունքներ, ոչ փորձաքննության արդյունքներ։ Հարցին, թե կարող էր արդյոք նա իսկապես ծեծել հինգ ոստիկանի, Քոչարյանը պատասխանել է. նրանց կարծիքով՝ այո։
Պատգամավորը հիշեցրել է, որ կա նաեւ երկրորդ զուգահեռ գործը։ «Երբ ինձ հասցրին ոստկանության Շենգավիթի բաժին, այնտեղ ինձ այցելեց փաստաբանը։ Իմ վիճակը տեսնելով՝ նա ոստիկանների կողմից կտտանքների մասին հայտարարություն ներկայացրեց։ Այդ գործով մեղադրյալներ չկան։ Եղել են առերեսումներ, կա դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, եւ չնայած դրան, ոչ մի ոստիկանի մեղադրանք չի ներկայացվել, լիազորությունները չեն դադարեցվել։ Բայց, ինչպես տեսնում եք, երբ ինձ մեղադրում են այն բանում, ինչը չի եղել, տառացիորեն մեկ-երկու օրում արեցին ամեն ինչ, որպեսզի ձերբակալեն»,- նշել է Քոչարյանը՝ ավելացնելով, որ Ասատուրովի դեմ անգամ կեղծ ցուցմունքներ չկան։ Հարցին, թե կարող են արդյոք նորից ձերբակալել իրեն, նա պատասխանել է, որ իրավաբանորեն դա անհեթեթություն է, բայց քաղաքականապես ամեն ինչ հնարավոր է։











