Հայաստանիի իշխանությունների գործողությունները Սահմանադրությունը փոխելու վերաբերյալ անընդունելի են, ասել է պատգամավոր, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը լրագրողների հետ զրույցում։

Պատասխանելով այն հարցին, թե քննարկվել է արդյոք հարցը խմբակցությունում, Քոչարյանը նշել է, որ որոշ քննարկումներ եղել են, բայց խմբակցության նիստեր այդ թեմայով՝ ոչ։ «Որքան հասկանում եմ՝ Սահմանադրության հետ կապված՝ իշխանությունները դեռ տնտղում են, ուսումնասիրում տրամադրությունները, թեմաներ նետում։ Ինձ համար անընդունելի է։ Դա այն ամենի շարունակությունն է, ինչ նրանք արել են մինչ այժմ, հիմա ցանկանում են թղթի վրա ամրացնել։ Փորձ է արվում զրկել մեզ հայ լինելու իրավունքից, Հայաստանը վերածել տարածքի, որտեղ ապրում են մարդիկ, գլխավորը՝ հարկեր են վճարում։ Անընդունելի են ազգին հայ լինելու, երազանք ունենալու, ձեռքբերումների ձգտման, պատմական արդարության վերականգնման  իրավունքից զրկելու փորձերը։ Ուզում են զրկել այդ ամենից՝ թողնելով միայն գոյության, ուտելու եւ քնելու իրավունքը»,- ընդգծել է Լեւոն Քոչարյանը։

Հարցին, թե արդյոք ընդդիմությունը հրաժարվել է բողոքներից եւ համակերպվել տեղի ունեցողին, Քոչարյանը պատասխանել է. «Չգիտեմ ում նկատի ունեք՝ ասելով ընդդիմություն։ Եթե կոնկրետ «Հայաստան» դաշինքին, ապա ես չեմ համակերպվել կատարվածին եւ չեմ պատրաստվում համակերպվել։ Որովհետեւ այն ամենը, ինչ արել է այս կառավարությունն իր ղեկավարի գլխավորությամբ, ողբերգություն է եւ չի տեղավորվում առողջ տրամաբանության մեջ։ Թե ինչպես կվարվի պայքարը. կա  հասարակությանը բացատրելու եւ համոզելու խնդիր, դրա լուծմամբ էլ մենք զբաղված ենք, ինչ-որ չափով խորհրդարանի, ինչ-որ չափով այցելությունների եւ հանդիպումների միջոցով»։ Լեւոն Քոչարյանը չի բացառել փողոցային պայքարի վերականգնումը։

Ինչ վերաբերում է իշխանությունների կողմից հանրաքվեի անցկացման հնարավորությանը՝ հայտնի «հարկավոր» արդյունքով, ապա Լեւոն Քոչարյանը հավաստիացրել է, որ ամեն բան կանի, որպեսզի այդպես չլինի։