Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն մեկնաբանել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի այցը Վրաստան եւ Սահակաշվիլիի վարքը:

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի կովկասյան շրջագայությունը ավարտվեց Վրաստանի օդանավակայնում նրա եւ Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի խմելու արարողությամբ, գրում է վրացական «Ասավալի-դասավալի» պարբերականը:

«Երբ Սարկոզին գտնվում էր Վրաստանում, նրա կինը ծննդաբերության շեմին էր եւ Ֆրանսիայի նախագահը չէր կարող ժամանակ տրամադրել Սահակաշվիլիի կազմակերպած քեֆ-ուրախությանը մասնակցելու համար, այդ պատճառով էլ Սահակաշվիլին նրա համար հատուկ սեղան էր բացել օդանավակայանում»,-պարբերականին հայտնել է Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեվարդնաձեն:

Նախկին նախագահի խոսքով, Սարկոզին խնդրել է, որ  լրագրողներին տարածքից հեռացնեն, որպեսզի ինքը կարողանա մեկ բաժակ խմել Սահակաշվիլիի հետ, սակայն նրանք դրանով չեն բավարարվել եւ հասցրել են 12 բաժակ գինի կոնծել:

«Խմելու ընթացքում, Սահակաշվիլին օգտվելով առիթից փորձել է երկու անգամ խոսք բացել Պուտինի մասին եւ հայհոյել, սակայն Սարկոզին նրան երկու անգամ էլ ընդհատել է եւ կատեգորիկ զգուշացումներ արել, ասելով, որ թողնի Պուտինին վարկաբեկել, քանի որ իրենք` Եվրոպայի առաջնորդները Սաակաշվիլուն ոչ մի հիմք չենք տալիս դրա համար, ինչպես նաեւ չեն պաշտպանում: Սաակաշվիլին ձայն չի հանել եւ գլուխը իջեցրել է: Այս ամենը ինձ պատմել է ինձ շատ հավատարիմ մի մարդ, ով ներկա է եղել այդ հանդիպմանը»,-ասել է Շեւարդնաձեն, ընդգծելով, որ մեկնելուց առաջ Սարկոզին Սաակաշվիլիին զգուշացրել է. «Մի սպասիր, որ Պուտինին վարկաբեկելով կստանաս Եվրոպայի աջակցությունը: Դու անընդհատ Պուտինի մասին ես խոսում, բայց ես ունեմ ինֆորմացիա, որ դու պատրաստվում ես նորից նախագահ դառնալ, ինչը Եվրոպայի համար անընդունելի է»:

«Այնպես, որ Սահակաշվիլին լավ գիտի, որ արդեն պետք է սկսի հավաքել իր ճամպրուկը»,-հայտարարել է Շեվարդնաձեն: