Ցանկություն կա ստորագրահավք կազմակերպել՝ ի պաշտպանություն խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ, եւ եթե նման առռաջարկ լինի խմբակցության մակարդակով, ես կպաշտպանեմ այն, բայց ինքս նման քննարկումների չեմ մասնակցել։ Այս մասին փետրվարի 6-ին լրագրողներին ասել է կառավարող «Քաղպայմանագիր» խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը։
Նա հիշեցրել է, որ խոսքը երիտասարդ կանանց մասին է, որոնք մանկահասակ երեխաներ ունեն, եւ պատրաստակամություն է հայտնել երաշխավորություն ներկայացնել։ «Ես շատ լավ ճանաչում եմ թե՛ խոսնակ Ալեն Սիմոնյանին, թե՛ նրա ընտանիքին։ Նրանք ինձ հարազատ մարդիկ են, եւ ես չեմ պատկերացնում, որ այդ մարդիկ կարող էին այսպիսի վիճակում հայտնվել։ Կառավարող խմբակցությունում սիրում ու հարգում են Ալեն Սիմոնյանին։ Նա կատարել եւ կատարում է իր պարտականությունները, եւ ես միշտ նրան աջակցելու եմ»,- ասել է պատգամավորը։
Նա հիշեցրել է անմեղության կանխավարկածի մասին, բայց չի կարողացել գնահատական տալ իրավապահ մարմինների աշխատանքին, նշել է մոտեցման վերանայման անհրաժեշտության մասին։
Պատասխանելով հարցին, թե է ինչու նման կարծիքի չէր ընդդիմադիր Տաթեւիկ Վիրաբյանի ձերբակալման ժամանակ, որը նույնպես մանկահասակ երեխաներ ուներ, նա նշել է, որ լրագրողը շեղվում է թեմայից։ «Երբ մենք իշխանության եկանք, մենք ասացինք, որ բոլորը հավասար են օրենքի առջեւ։ Դրանից հետո ոչինչ չի փոխվել։ Եթե պարզվի, որ Ալեն Սիմոնյանի հարսը մեղավոր է, ես կլռեմ»,- ասել է նա։
Էմմա Պալյանը հավաստիացրել է, որ ներկա պահին Հայաստանում քաղբանտարկյալներ չկան։
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանը փետրվարի 1-ին որոշում էր կայացրել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը՝ Անի Գեւորգյանին ձերբակալելու մասին։ Մինչ այդ էկոնոմիկայի նախարարությունում ձերբակալվել էր 7 մարդ, այդ թվում Անի Իսպիրյանը, որն այդ օրն ազատվել էր էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնից։ Իրավապահները հետաքննում են երկու գործ տենդերների անցկացման մեքենայությունների հետ կապված։











