Վեց տարի է՝ իշխանությունները «հետաքննում» են, եւ արդյունքում ոչ մի «աղմկահարույց բացահայտում» չկա։ Այս մասին ասել է պատգամավոր, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը, լրագրողների հետ զրույցում։
Պատասխանելով իշխանությունների եւ «նախկինների» փոխադարձ մեղադրանքների մասին հարցին՝ Լեւոն Քոչարյանը հիշեցրել է, որ իշխանությունները կարող են իրենց թույլ տալ «օդում մեղադրանքներ» արձակել։ «Իշխանություններն ունեն ապացուցելու կամ հերքելու բոլոր լծակները։ Տարիներ շարունակ ձեւավորվել են առասպելներ (ներկա իշխանությունների կողմից), այդ թվում շնորհիվ ԶԼՄ-ների, բայց երբ մանրամասն նայում ես յուրաքանչյուր գործին, տեսնում ես, որ ամեն բան այդպես չէ։ Այժմ իշխանություններն ունեն բոլոր լծակները, որպեսզի պարզեն։ Վեց տարի նրանք զբաղված են դրանով, եւ առ այսօր ոչ մի «աղմկահարույց բացահայտում» չկա»,- նշել է պատգամավորը։
Ինչ վերաբերում է ընդդիմությանը, Քոչարյանը հավաստիացրել է. «Հայաստան» դաշինքը չի պատրաստվում դադարեցնել պայքարը եւ ողջունում է այլ ընդդիմադիր ուժերին։ «Լրիվ անկեղծ եմ ասում՝ ես շատ ուրախ կլինեմ, եթե մեկ այլ ընդդիմադիր քաղաքական ուժ հասնի մեծ հաջողության»,- ասել է Լեւոն Քոչարյանը՝ չբացառելով, որ ինքն էլ կմիանա, քանի որ ուրախ է նոր նախաձեռնությունների եւ նոր խաղացողների համար։











