«Զվարթնոց» միջազգային օդանավակայանն այսօր` ժամը 18:00-ի դրությամբ, վերսկսել է «Արմավիա» ընկերության օդանավերի սպասարկումը` ուղեւորներին անհարմարություններից հնարավորինս զերծ պահելու նպատակով: Այդ մասին NEWS.am-ի  թղթակցի հետ զրույցում ասաց «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մամուլի քարտուղար Գեւորգ Աբրահամյանը` նշելով, որ այսօր չեն սպասարկվել «Արմավիա» ընկերության չվերթները, պարտքերի համաձայնեցված սահմանաչափը գրեթե կրկնակի գերազանցելու պատճառով:

Նա նաեւ նշեց, որ  «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը չի բարձրացրել սպասարկման սակագինը:

Սակայն, ըստ Աբրահամյանի, չի բացառվում, որ վաղը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը դադարեցնի «Արմավիա» ընկերության օդանավերի սպասարկումը: Չվերթների սպասարկումը դադարեցման մասին «Արմավիա» ընկերությունը բազմիցս տեղեկացվել է:

Հիշեցնենք, որ այսօր «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը չի սպասարկել Երեւան- Մոսկվա 512 չվերթը: Ըստ «Արմավիա» ավիաընկերության մամուլի պատասխանատու Նանա Ավետիսովայի, չվերթը չի իրականացել, քանի որ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը բարձրացրել է սպասարկման սակագինը: