Այստեղ լրիվ պետք է քանդվի, նորից սարքվի. չենք կարողանում ներսն մտնել, մի բան տնից վերցնել, ցանկացած պահի կարող է պատերը քանդվեն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Նոր Արեշում քանդված տներից մեկի բնակիչ Սամվել Սեդրակյանը:
«Պատերը կից են, մի պատը քանդվում է, մյուսներն էլ են քանդվում: ԱԻՆ-ից էլ երեկ ասացին՝ շատ ելումուտ չանեք: Թվում է՝ կանգուն են պատերը, բայց ամեն տեղ քանդված, ճաքած են, տեղաշարժված են: Աղջիկս վարձով է ապրում մի քիչ վերեւում. Հիմա իրենց մոտ ենք մնում»,-ասաց նա:
Անդրադառնալով հնարավոր փոխհատուցմանը, բնակիչն ասաց. «Այո, մեղավորը բնակիչն է, բայց ինքը ո՞նց փոխհատուցի այսքան տների կրած վնասը: Մեկը լինի իրեն փոխհատուցի: Ես չգիտեմ՝ ոնց կորոշեն: Կոնկրետ մեր տունը պետք է ծայրից ծայր քանդվի, նորից սարքվի: 4 հովով էինք ապրում, կինս, տղաս, աղջիկս: Բարեկամներ ունենք, կգնանք իրենց տանը կտեղավորվենք: Տան դռները չի փակվում, պարզապես ծածկել ենք, որ ցուրտը ներս չգա: Քայլելիս հատակը շարժվում է, կարող է հանկարծ փլվի:
Դե դեռ գործը ընթացքի մեջ է, հավանաբար, վնասի չափերը կճշտեն: Մեզ ասել են՝ հանկարծ ձեռք չտաք, չքանդեք, իրենք կգան կքանդեն»,-ասց նա:
Մեկ այլ բնակիչ էր նշեց. «Բարեկամի տանը կարող ես մեկ օր ապրել, ամեն օր չես կարող: Տունն ամբողջությամբ ավերված վիճակում է, գույքը կոտրված»:
Բնակիչներից Գագիկ Խուրշուդյանն էլ ցույց տվեց իր տան վիճակը եւ ասաց. «Տնից բացի, սա դուռ-լուսամուտի արտադրամաս էր, սարքավորումները լրիվ ջարդուխուրդ է եղել:Գոնե մի հատուցում լինի պետության կողմից»:
Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 5-ին՝ 11:40-ի սահմանում Նոր Արեշ փողոցում պայթյուն է որոտացել, ինչի արդյունքում 2 հոգի մահացել է, կա ևս 2 տուժած:
Տեղի ունեցած պայթյունի հետևանքով 34 տուն է վնասվել. 3-ը ամբողջությամբ են փլուզվելը, ևս 3-ը՝ մասամբ, մնացած 28 տներում դռներն ու լուսամուտներն են վնասվել: Այս պահին կարիքների գնահատում է իրականացվում: Փոխատուցման հարցը կքննարկվի գործի քննության ավարտից հետո:
Անկախ նրանից, թե քննության արդյունքում ինչ կպարզվի՝ ինչի՞ արդյունքում է տեղի ունեցել պայթյունը, քաղաքապետարանը պատրաստ է որոշակի աջակցություն ցուցաբերել պայթյունի արդյունքում տուժածներին: Քննարկվում է սննդային փաթեթների տրամադրման հարցը:
Քաղաքապետարանից տեղեկացրել են նաև, որ հարազատների թույլտվությամբ, պատրաստ են հոգալ պայթյունի արդյունքում մահացած 2 քաղաքացիների հուղարկավորության ծախսերը:
Պայթյունի պատճառով տնից զրկված քաղաքացիները երեկ իրենց հարազատների և ընկերների մոտ են տանիք գտել: Առաջարկված հոգեբանական աջակցությունից բոլորը հրաժարվել են:











