Կարծում եմ, որ 3+3 ձևաչափով կարելի է հաջողության հասնել, եթե մասնակից երկրները ցանկանում են հասնել իրական խաղաղության և կայունության։ Այս մասին փետրվարի 6-ին լրագրողների եւ փորձագետների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։

«Եթե հարթակը շոշափելի հաջողություններ գրանցի, ապա վստահ եմ, որ մյուսները (նկատի ունի Վրաստանը-խմբ.) հետաքրքրված կլինեն դրան մասնակցել։ Տարածաշրջանի խնդիրներն ազդում են այս տարածաշրջանի երկրների վրա, և տարածաշրջանի երկրներն են, որ պետք է ջանքեր գործադրեն այդ խնդիրների լուծման համար և դառնան այդ լուծումների երաշխավորը»,- նշեց նա։

Դեսպանը հորդորեց մրցակցություն փնտրել այլ վայրերում՝ նշելով, որ կան հարթակներ, որոնք ստեղծված են համագործակցության համար։

«Վերջերս հանդիպում ունեցա հայ մտավորականության ներկայացուցչի հետ, ով ավելի վաղ զրուցել էր ամերիկացի պաշտոնյայի հետ և նրա հետ խոսել ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին։ Հայ մտավորականության ներկայացուցիչը հարցրել է ամերիկացի պաշտոնյային. «Ինչու՞ ստեղծվեց ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը 30 տարվա ընթացքում ոչ մի արդյունք չգրանցեց»։ Ամերիկացի պաշտոնյան պատասխանել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծվել է տարածաշրջանում նրանց ներկայությունն ապահովելու համար։ Ուստի կարելի է ենթադրել, որ նրանք տարածաշրջանում խաղաղություն հաստատելու նպատակ չեն հետապնդել։ Եթե ​​պատերազմ լինի, ԱՄՆ-ը չի տուժի, այլ կտուժենք մենք՝ տարածաշրջանում ապրող երկրներն ու ժողովուրդները։

Ուստի կարևոր է ձգտել իրական խաղաղություն հաստատել»,- ընդգծել է Մեհդի Սոբհանին։