Լեռնային Ղարաբաղի կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Դեսպան Բեռնար Ֆասիեն` Ֆրանսիայից, դեսպան Ռոբերտ Բրատկեն` ԱՄՆ-ից եւ դեսպան Իգոր Պոպովը` Ռուսաստանից), ինչպես նաեւ Անջեյ Կասպրշիկը (ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը) ներկայացրել են ԵԱՀԿ Մշտական խորհրդում իրենց գործունեության տարեկան հաշվետվությունը, Վիլնյուսում կայանալիք ԵԱՀԿ Նախարարների խորհրդի նիստի լույսի ներքո:
Ի մի բերելով իրենց գործադրած ջանքերը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործում` միջնորդները նշել են, որ վերջին տարվա ընթացքում ութ անգամ այցելել են տարածաշրջան եւ տասնչորս առանձին հանդիպումներ եւ ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Բացի այդ, համանախագահները չորս անգամ ոտքով կտրել անցել են Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի շփման գիծը` ցույց տալով, որ գծի առկայությունը անխորտակելի պատնեշ չէ Հարավային Կովկասի քաղաքացիների համար, եւ որ կողմերի ցանկության դեպքում հնարավոր է համերաշխության պահպանմանն ուղված զինվորականների համակարգված գործողություններ իրականացնելը:
Նշելով միջնորդական առաքելությանը իրենց պետությունների մասնակցության մասին, այդ թվում` ամենաբարձր մակարդակով, համանախագահներն ընդգծել են, որ խնդրի ռազմական լուծման տարբերակ չկա, եւ որ կողմերը պետք է քաղաքական կամք ցուցաբերեն բարդ որոշումներ կայացնելու համար, որոնք անհրաժեշտ են այժմյան անընդունելի ստատուս-քվոյի շրջանակներից դուրս գալու եւ խաղաղության հասնելու համար:Համանախագահները նաեւ նշել են այն լրացուցիչ ջանքերի մասին, որոնք ուղղված են եղել բանակցային մթնոլորտի բարելավմանը, տարածաշրջանի քաղաքացիների միջեւ համերաշխության եւ փոխըմբռնման ամրապնդմանը: ԵԱՀԿ միջնորդները մտադիր են ղարաբաղյան կոնֆլիկտի տարածաշրջան կրկին այցելել այս ամսվա վերջին` նշված առաջարկները, ինչպես նաեւ բանակցային գործընթացի առաջարկը քննարկելու համար:



























