Հայաստանի հանրապետական կուսակցությունը 2012-ի խորհրդարանական ընտրություններին կմասնակցի առանձին, իսկ կուսակցության նախընտրական ցուցակը կգլխավորի ՀՀԿ ղեկավար, երկրի նախագահ Սերժ Սարգսյանը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտնել է ՀՀԿ  փոխնախագահ Գալուստ Սահակյանը:

«Այս պահի դրությամբ, բոլորը առանձին են գնում, այսօր որեւէ քաղաքական պայման չկա, որ միասին գնան, բացի դրանից մեզ դեռեւս որեւէ մեկը չի էլ առաջարկել, որ մեզ հետ գա կամ չգա», - ասել է Գալուստ Սահակյանը:

Հարցին, թե ո՞վ կգխավորի Հանրապետականի համամասնական ցուցակը, Գալուստ Սահակյանը պատասխանել է. «Դասական ձեւով յուրաքանչյուր կուսակցության նախագահն է գլխավորում: Այդպես է միշտ եղել, կուսակցության լիդերը գլխավորել է ցուցակը»:

Այդ ցուցակում երկրորդ թեկնածուին անդրադառնալով` ՀՀԿ-ի փոխնախարարն ասել է. «Երկրորդը, բնականաբար, լինում է, եթե Ազգային ժողովի նախագահ ունես, ԱԺ նախագահը»: Այն դիտարկմանը, թե Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը արդեն հրաժարական է տվել, Գալուստ Սահակյանն արձագանքել է, թե չի կարծում, որ այդ հրաժարականը «նրա գործունեությունը միանգամից ջնջում է»:

«Վերջին հաշվով նրա Հանրապետականի նախընտրական շտաբի պետի աշխատանքն այնպիսին է, որ մեծ արդյունքներ է բերում թիմի համար: Եվ ով արդյունքներ է բերում, նա էլ բավականին լուրջ պաշտոններ է ունենում հետագայում: Այդպես է միշտ եղել», - նշել է Գալուստ Սահակյանը:

Հարցին, թե ՀՀԿ-ի օգտին բերած ձայների թվո՞վ է որոշվելու Հովիկ Աբրահամյանի պաշտոնը, Գալուստ Սահակյանը պատասխանել է. «Ինչո՞ւ միայն Հովիկ Աբրահամյանը, նույնը` Գալուստ Սահակյանը` ինչ հանձնարարություն կունենա ընտրությունների ժամանակ, ինչքանով կկատարի, ինչքան դերակատարում կունենա, այդքան դերակատարում կունենա նաեւ հետագա գործընթացներում` ընտրություններից հետո: Վերջին հաշվով տրամաբանական չէ՞, որ այդ ընդհանուր ցուցակի հիմնական առաջադրվողներից մեկն էլ, ըստ երեւույթին կարծում եմ, Գալուստ Սահակյանը կլինի: Այդքան ծառայություններ ունեմ, եթե ոչ ավելին»:

Հարցին, թե այս մրցակցության պայմաններում, երբ ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն հայտարարում են, որ  առաջիկա խորհրդարանական ընտրություններում փորձելու են ոչ միայն պահպանել, այլեւ ավելացնել իրենց ներկայացվածությունը, ինչպե՞ս են պահպանելու իրենց կոալիցիոն հուշագիրը, որով պայմանավորվել են չխախտել այսօր գոյություն ունեցող համամասնությունը, Սահակյանը պատասխանել է. «Մենք ձգտելու ենք համամասնությունը պահպանել: Ձայնային տոկոսներով համամասնությունները կպահպանվեն, կլինի գործադիր իշխանություն..., առայժմ դա ենք ստորագրել»: «Ինչպե՞ս կարելի է կանխատեսել, որ ժողովուրդը Հանրապետականին, դիցուք, 50 տոկոս քվե է տալու, իսկ ԲՀԿ-ին` 40 տոկոս» հարցին, ՀՀԿ-ի փոխնախագահն պատասխանել է` կանխատեսելու համար պիտի աշխատել:

Գալուստ Սահակյանը այն կարծիքին չէ, որ ԲՀԿ-ն կարող է ՀՀԿ-ից ավելի շատ ձայներ ստանալ:

«Հենց դրա համար էլ մենք մեր կառույցները մինչեւ վերջ զգոն ենք պահել, անընդհատ այդ դիրքերի վրա ենք եղել, այսօր էլ ավելի ակտիվացնում ենք, շտաբային կյանքի ենք վերածում ամբողջ կուսակցության գործունեությունը, եւ մենք վստահ ենք, որ առաջին տեղում ենք լինելու, որովհետեւ դեռեւս որեւէ արգումենտ չկա, որ չենք լինելու», - ասել է նա: