Պարտադիր մասնակցելու եմ ավագանու նիստին, բա ինչի՞ համար եմ եկել: Այս մասին այսօր՝ փետրվարի 7-ին, ավագանու արտահերթ նիստի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ավագանու «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանը:

Դիտարկմանը, որ «Հանրային ձայն» կուսակցության առաջնորդ Վարդան Ղուկասյանը երեկ հայտարարեց, որ «Հանրային ձայնը» չի մասնակցելու ավագանու արտահերթ նիստին եւ ամեն ինչ անելու է ՔՊ-ին Երեւան քաղաքի ավագանուց հեռացնելու համար, նա ասաց. «Կուսակցության նախգահը Արտակ Գալստյանն է, երեւի ինչ-որ բան շփոթում եք: Ներկա ենք ես եւ Վահե Եսայանը: Մյուսներն արդեն իրենց անձնական խնդիրներն ունեն: Մենք մեր գաղափարի տերն ենք միշտ եղել»:

Նա հստակ պատասխան չտվեց հարցին, թե արդյոք իրենց նկատմամբ եղել են ճնշումներ, որպեսզի մասնակցեն ավագանու նիստին, ապահովեն քվորում:

Նշենք, որ ավագանու նիստին քվարումի համար պետք է առնվազն 33 ձայն: Իշխանական կոալիցիան ունի 32 ձայն, եւ եթե «Հանրային ձայնը» մյուս երկու ընդդիմադիր խմբակցությունների հետ բոյկոտի նիստը, ապա քվորում չի լինի, նիստը չի կայանա:

Հիշեցնենքք, որ այսօր ավագանու արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված է ավագանու 5 ընդդիմադիր անդամներին մանդատից զրկելու հարցը: Մասնավորապես, խոսքը վերաբերում է ավագանու հետեւյալ անդամներին.

Նարինե Հայրապետյան («Մայր Հայաստան»)

Հայկ Մարության  («Ազգային առաջընթաց»)

Սոննա Աղեկյան («Մայր Հայաստան»)

Գևորգ Ստեփանյան («Մայր Հայաստան»)

Զարուհի Փոստանջյան («Մայր Հայաստան»)