Ավագանու անդամներին մանդատից զրկելու նախաձեռնությունն ակնհայտ է, որ կրում է ոչ թե իրավական, այլ բացառապես քաղաքական բնույթ։ Սա  աննախադեպ է: Այս մասին, այսօր՝ փետրվարի 7-ին, Երևանի ավագանու արտահերթ նիստում հայտարարեց «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։

Նա նշեց, որ առաջնային մանդատով օժտված ավագանու անդամին քաղաքական մեծամասնության կողմից նման սանկցիայի ենթարկելու  իրողությունը մեզանում երբևէ տեղ չի ունեցել. «Ակնհայտ է, որ գործ ունենք քաղաքական որոշման հետ, որը բխում է ստեղծված դրամատիկ իրավիճակից։ Երևանն ունի փոքրամասնության իշխանություն, Երևանի  իշխանությունը ձևավորվել է  կուլիսային գործարքների, ինչ-ինչ պայմանավորվածությունների արդյունքում, ինչը, հուսանք,  կարճ ժամանակ անց դեպքերի բերումով կդառնա բացահայտ տեղեկատվություն երևանցիների համար»,- ասաց Սուքիասյանը։

«Երեւանի ավագանու անդամների վերաբերյալ քաղաքային իշխանության մոտեցումը ակնհայտ դարձավ վերջին շրջանում Նարինե Հայրապետյանի եւ Արշակ Սարգսյանի վերաբերյալ հետապնդման աղաղակող փաստերին, երբ քաղաքապետարանը ցույց տվեց զրո վերաբերմունք: Ավագանու անդամին հետապնդում են, քաղաքապետարանը լուռ է»,-ասաց նա:

Մանուկ Սուքիասյանը հավաստիացրեց, որ եթե իրենց խմբակցության 4 անդամներին զրկեն մանդատներից, նրանց փոխարեն ավագանու անդամ դարձածները եւս նույն կերպ պայքարելու են, որեւէ բան չի փոխվելու. «Բոյկոտը եղել է քաղաքական գործիք, որովհետեւ դա է եղել միակ տարբերակը կանխելու երեւանցիներին չխոստացված որոշումները:

Բոլորդ գիտեք, որ քաղաքական որոշում է եղել քվեարկությանը չմասնակցել, բայց ասենք, Սոնա Աղեկյանը նստած է եղել դահլիճում: Հիմա ո՞րն է խնդիրը, դակիչի նման կոճակը սեղմե՞լ»:

Նա դիմեց ավագանու ՔՊ անդամ Արթուր Իսպիրյանին. «Պարոն Իսպիրյան, հիմա որ էսպես գլխահակ նստել եք, սիրված երգիչ էիք, հիմա որ գալիս եք, ոչ ելույթ եք ունենում, ոչ որոշման նախագիծ եք բերում, դուք ո՞նց եք կարծում, դուք ավելի լավ ավագանու անդամ եք, քան Աղեկյան Սոնա՞ն»: Այս խոսքերից հետո դահլիճում հնչեցին ծափահարություններ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երևան քաղաքի ավագանու այսօրվա արտահերթ նիստի օրակարգում է Երեւանի ավագանու 5 անդամների լիազորությունները դադարեցնելու մասին հարցն է:

Մասնավորապես, խոսքը վերաբերում է ավագանու հետեւյալ անդամներին.

Նարինե Հայրապետյան («Մայր Հայաստան»)

Հայկ Մարության  («Ազգային առաջընթաց»)

Սոննա Աղեկյան («Մայր Հայաստան»)

Գևորգ Ստեփանյան («Մայր Հայաստան»)

Զարուհի Փոստանջյան («Մայր Հայաստան»)

Նշենք, որ ավագանու նիստին քվորումի համար պետք է առնվազն 33 ձայն: Իշխանական կոալիցիան ունի 32 ձայն:  Այսօրվա նիստին իշխող կոալիցիայից բացի մասնակցեցին նաեւ «Հանրային ձայն» խմբակցության երկու անդամներ, ինչը թույլ տվեց, որ նիստը կայանա: