Երեք տարում երեք տարբեր կուսակցություն փոխած Հայկ Մարությանն իրավունք չունի խոսել արդարությունից և բարոյականությունից: Այս մասին, այսօր՝ փետրվարի 7-ին, Երևանի ավագանու արտահերթ նիստին ասաց «Հանրապետություն» խմբակցության անդամ Հայկ Սահակյանը:
«Ես նրան խորհուրդ եմ տալիս վերադառնալ բեմ, որովհետև կանացի հագուստը նրան շատ է սազում»,-ասաց նա:
Սահակյանը նշեց նաև, որ ժամանակն է, որ ամեն մարդ վերադառնա այնտեղ, որտեղից եկել է. «ժամանակն է, որ Հայկ Մարությանը վերադառնա արդեն աղբահանության ենթարկված իր «Կամազ»-ների մոտ»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երևան քաղաքի ավագանու այսօրվա արտահերթ նիստի օրակարգում է Երեւանի ավագանու 5 անդամների լիազորությունները դադարեցնելու մասին հարցն է:
Մասնավորապես, խոսքը վերաբերում է ավագանու հետեւյալ անդամներին.
Նարինե Հայրապետյան («Մայր Հայաստան»)
Հայկ Մարության («Ազգային առաջընթաց»)
Սոննա Աղեկյան («Մայր Հայաստան»)
Գևորգ Ստեփանյան («Մայր Հայաստան»)
Զարուհի Փոստանջյան («Մայր Հայաստան»)
Այս պահին արդեն Նաիրնե Հայրապետյանի եւ Հայկ Մարությանի լիազորությունները դադարեցվել են: Մյուսների հարցը դեռ քննարկվում է:
Նշենք, որ ավագանու նիստին քվորումի համար պետք է առնվազն 33 ձայն: Իշխանական կոալիցիան ունի 32 ձայն: Այսօրվա նիստին իշխող կոալիցիայից բացի մասնակցեցին նաեւ «Հանրային ձայն» խմբակցության երկու անդամներ, ինչը թույլ տվեց, որ նիստը կայանա:
Ավելի ուշ նիստին ներկայացան «Ազգային առաջընթաց» եւ «Մայր Հայաստան» խմբակցության անդամները:











