Իրանի իշխանությունները սպառազինություն չեն մատակարարում եմենյան «Անսար Ալլահ» շարժմանը (հութիներ), որոնք գրոհներ են կատարում ԱՄՆ-ի եւ Իսրայելի դեմ։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ում իսլամական հանրապետության մշտական ներկայացուցիչ Ամիր Սայիդ Իրավանին NBC հեռուստաընկերության հարցազրույցում։
Նա ավելացրել է, որ հութիներն «իրենց զենքն ունեն», եւ Իրանը խռովարարներին ցուցումներ չի տալիս, թե ինչպես օգտագործեն այն։ Իրանցի դիվանագետը ընդգծել է, որ իսլամական հանրապետության հարաբերությունները Մերձավոր Արեւելքի զինված խմբավորումների հետ, որոնց Թեհրանն անվանում է «Դիմադրության առանցք», կառուցվում են «պաշտպանական պակտի» սկզբունքով, եւ նշել է, որ իր պետությունը չի ղեկավարում նրանց, այլ «փոխադարձ խորհրդատվություններ է անցկացնում։
Իրանի մշտական ներկայացուցիչն ավելացրել է, որ իր երկիրը պատրաստ է հութիներին գործողությունները դադարեցնելու կոչ անել, եթե Իսրայելը դուրս բերի իր զորքերը Գազայի հատվածից եւ հանի անկլավի բնակիչներին հումանիտար օգնության առաքման սահմանափակումները։





























