Հայաստանի եւ Հնդկաստանի կառավարությունների միջեւ կնքած համաձայնագրի շրջանակում, որը կոչված է խորացնել երկկողմանի համագործակցությունը Տեղեկատվական եւ Հեռահաղորդակցման Տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտում, Երեւանում հիմնվել է «Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոն»:
Կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 7-ին, ժամը 9:30-ին, Երեւանի պետական համալարանի Մաթեմատիկայի եւ մեխանիկայի ֆակուլտետի մասնաշենքում: Բացմանը կմասնակցեն ՀՀ վարչապետը, այլ պաշտոնատար անձիք, ՏՀՏ մասնավոր ոլորտի եւ բուհերի ղեկավարներ, ինչպես նաեւ Հնդկաստանի պատվիրակությունը` Հնդկաստանի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների պետնախարար Սաչին Պիլոտի գլխավորությամբ:
Կենտրոնի հիմնական առաքելությունն է Հայաստանում ստեղծել ՏՀՏ մասնագիտական ուսուցման եւ այդ ոլորտում գիտահետազոտական աշխատանքների իրականացման համար մի հատուկ միջավայր, որը մեծապես կնպաստի երկրում համաշխարհային մակարդակի բարձրակարգ ՏՀՏ ոլորտի աշխատուժի զարգացմանը:
Կենտրոնի ստեղծման եւ գործունեության Ծրագիրն իրականացնում են` ՀՀ կառավարության անունից` Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը /ՁԻՀ/, Հնդկաստանի կառավարության անունից` Հաշվողական առաջատար մշակումների կենտրոնը /C-DAC/:
Կենտրոնի ստեղծման եւ գործունեության Ծրագրի իրականացման նպատակով հայկական կողմը ապահովել է` անհրաժեշտ ենթակառուցվածքով հագեցած, վերանորոգված եւ կահավորված տարածք, համապատասխան փորձագետներ եւ աշխատակազմ, Հնդկաստանից ՏՀՏ փորձագետների գործուղումների լոգիստիկ աջակցություն եւ այլն:
Հնդկական կողմը ապահովել է աջակցություն հետեւյալ ուղղություններով` Հնդկաստանից ՏՀՏ փորձագետների գործուղում Կենտրոնը հիմնելու տեխնիկական աջակցություն տրամադրելու նպատակով, հարյուրից ավելի մասնագետների միաժամանակ վերապատրաստման հնարավորություն, PARAM գերհամակարգչի (PARAM super-computer) եւ այլ համակարգչային սարքերի, ծրագրային ապահովման եւ սարքավորումների տրամադրում, մասնագետների եւ դասախոսների վերապատրաստում Հնդկաստանում եւ Հայաստանում, գիտնականների փոխանակնման ծրագրի իրականացում եւ այլն:
Կենտրոնի ստեղծման եւ գործունեության Ծրագրի հիմնական գործընկերն է Երեւանի պետական համալսարանը: Կենտրոնի հիմնման աշխատանքներին աջակցել է նաեւ Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակը:



























