Նախքան նախագահների կազանյան հանդիպումը, հույս կար, որ երկու կողմերը պայմանավորվածության կգան նվազագույնը` գոնե ընդհանուր սկզբունքների շուրջ:  Ցավոք, միջազգային հանրությունը հիասթափված էր դրա արդյունքներից: Իրոք, կազանյան հանդիպման արդյունքները հույսերը չարդարացրին: Ինչպես հաղորդում է ադրբեջանական  АPА գործակալությունը, այս մասին լրագրողներին ասել է Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը:

Լեռնային Ղարաբաղի բանակցություններում Թուրքիայի ունեցած դերի վերաբերյալ Ֆրեյզերը նշել է, որ Անկարան խնդրի լուծման հետ կապված հետաքրքիր գաղափարներ ուներ:  «Բայց Թուրքիան Հայաստանի հետ սահմանային խնդիր ունի, ինչի հետ կապված դժվարություններ են ծագում: Եթե Թուրքիան ցանկանում է ինչ-որ ավանդ ներդնել Լեռնային Ղարաբաղի բանակցություններում, պետք է առաջին հերթին Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորի», - ասել է փորձագետը:

Ֆրեյզերն ընդգծել է, որ հաջորդ երկու տարիներին ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում նկատելի շարժ չի լինի.  «Եկող երկու տարիներին համանախագահող երկրներում` Ռուսաստանում, ԱՄՆ-ում եւ Ֆրանսիայում կկայանան ընտրություններ: Այդ պատճառով կարծում եմ, որ բանակցություններում աշխուժացումը քիչ հավանական է»: Նա նաեւ հավելեց, որ Հայաստանում եւս մոտ ժամանակներում ընտրություններ են սպասվում: