Անբաերնպաստ եղանակային պայմանների պատճառով հետաձգվում է «Արմավիա» ընկերության Երեւան-Կրասնոդար չվերթը, որը պետք է իրականացվեր ժամը 11-ին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Արմավիա» ընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան` նկատելով, որ չվերթի ուղեւորները անցել են գրանցումն ու գտնվում են սպասասրահում:
«Կիրականացվի արդյոք չվերթն այսօր, կախված է եղանակային պայմաններից: Եթե եղանակային պայմանները չբարելավվեն, լրացուցիչ միջոցներ կձեռնարկվեն: Հուսով ենք, որ օդանավակայանը կբացվի եւ չվերթը կիրականացվի»,- նկատել է Ավետիսովան` հավելելով, որ Երեւան-Կրասնոդար չվերթներն իրականացվում են երկուշաբթի, չորեքշաբթի եւ ուրբաթ օրերին:
Նշենք, որ նոյեմբերի 4-ի առավոտյան ժամը 5-ից թանձր մառախուղի պատճառով չի աշխատում Կրասնոդարի օդանավակայանը: Երկու միջազգային չվերթներ ուղարկվել են Սոչիի պահեստային օդանավակայան: Ավելի քան 500 ուղեւորներ ներկայումս գտնվում են սպասասրահներում:
Ներկայումս տեսանելիությունը օդանավակայանում կազմում է 150 մետր` առավելագույն թույլատրելի 300 մետրի պայմաններում: Օդերեւութաբանների կանխատեսումներով, եղանակը կբարելավվի միայն ուշ երեկոյան:




























