Օպերային թատրոնի բեմի վերանորոգման աշխատանքները կարող են շարունակվել մինչեւ 2012թ. աշուն: Այս մասին նոյեմբերի 4-ին լրագրողներին հայտնեց Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Նրա խոսքով` Ավստրիայի կառավարության կողմից հատկացվող արտոնյալ միջպետական վարկի միջոցները կարող են մշակույթի նախարարության տնօրինության տակ անցնել ուշացումով` վարկի ձեւակերպման ընթացակարգերի պատճառով: Հետեւաբար, վերանորոգման աշխատանքները հազիվ թե ավարտվեն 2012 թվականին:

Մի փոքր ավելի վաղ, խորհրդարանական լսումների ընթացքում, պատգամավորներից մեկը դժգոհություն հայտնեց նման բաշխման  կապակցությամբ, ինչին նախարարը պատասխանեց, որ «Հայաստանի նման երկիրը պետք է հատուկ ուշադրություն դարձնի մշակութային ենթակառուցվածքին»:

 «Եթե կարծում եք, որ այդ նպատակների համար արվող ծախսերն ավելորդ են, կարող եմ Ձեզ Օպերա հրավիրել` շրջելու համերգասրահներում, եւ ինքներդ կտեսնեք, թե ինչ ողբալի վիճակում են դրանք գտնվում: Պարզապես վթարային: Ես մշտապես անհանգստանում եմ, որ հանկարծ Օպերայի բեմի հետ ինչ-որ բան չպատահի», - ասաց Հ. Պողոսյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի 2012թ. պետբյուջեի նախագծով 3 մլրդ դրամ (մոտ 8,1 մլն) նախատեսված է հատկացնել «Արամ Խաչատրյան» համերգասրահի, Հայպետֆիլհարմոնիայի եւ Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային թատրոնի բեմերի տեխնիկական վերազինման համար:

Աշխատանքները կիրականացնի ավստրիական «Waagner Biro Stage Systems» ընկերությունը, ֆինանսավորումը կիրագործվի վարկային միջոցներով: