Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Հնդկաստանի Հանրապետության կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների պետնախարար Սաչին Պիլոտի մասնակցությամբ 2011թ. նոյեմբերի 7-ին, ժամը 9:30-ին տեղի կունենա «Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի» պաշտոնական բացման արարողությունը: NEWS.am-ին Կառավարությունից մամուլի ծառայությունից հայտնեցին, որ բացմանը կմասնակցեն բարձրաստիճան պաշտոնյաներ, ՏՀՏ մասնավոր ոլորտի եւ բուհերի ղեկավարներ, ինչպես նաեւ Հնդկաստանի պատվիրակությունը, որի կազմում են բարձրաստիճան պաշտոնյաներ եւ ՏՏ ոլորտի փորձագետներ:

Նշենք, որ կենտրոնը հիմնվել է Երեւանում` Հայաստանի կառավարության եւ Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջեւ կնքած համաձայնագրի շրջանակում, որը կոչված է խորացնելու երկկողմանի համագործակցությունը Տեղեկատվական եւ Հեռահաղորդակցման Տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտում: Կենտրոնի հիմնական առաքելությունն է Հայաստանում ստեղծել ՏՀՏ մասնագիտական ուսուցման եւ այդ ոլորտում գիտահետազոտական աշխատանքների իրականացման համար հատուկ միջավայր, որը մեծապես կնպաստի երկրում համաշխարհային մակարդակի բարձրակարգ ՏՀՏ ոլորտի աշխատուժի ձեւավորմանը: