Հայաստանի տրանասպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը նոյեմբերի 4-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի /ԱԶԲ/ Հայաստանում մշտական առաքելության նորանշանակ ներկայացուցիչ Դեյվիդ Դոուլին: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունից: Նրանց փոխանցմամբ` նախարարը շնորհավորել է ԱԶԲ-ի ներկայացուցչին նոր պաշտոնի կապակցությամբ եւ հույս հայտնել, որ այսուհետ էլ ավելի կխորանա երկուստեք համագործակցությունը: Մ.Վարդանյանը ներկայացրել է բանկի կողմից Հայաստանում ճանապարհաշինարարության ոլորտում իրականացվելիք ծրագրերը, մասնավորապես «Հյուսիս հարավ» ավտոմայրուղու կառուցման ծրագրի ընթացքը եւ հետագա անելիքները:
Նախարարը մեկ անգամ եւս կարեւորել է «Հյուսիս հարավ» ավտոմայրուղու ամբողջական ծրագրի նախագծի կազմումը: Մ.Վարդանյանը Դեյվիդ Դոուլին տեղեկացրել է ԱԶԲ-ի կողմից ֆինանսավորող գյուղական ճանապարհների վերականգնման ծրագրի հաջող ավարտի մասին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ ճանապարհների պահպանության եւ սպասարկման խնդրին, դրանց նախագծման փուլում կիրառվող ստանդարտներին, ճանապարհային անվտանգության աուդիտին:




























