Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը Լեհաստանի Պոզնան քաղաքում այսօր մասնակցել է Պրահյան գործընթացի «Միգրացիոն գործընկերության կառուցում» նախարարական երկրորդ համաժողովին:

Նշենք, որ Պրահյան գործընթացի անդամ են Եվրամիության, Հարավարեւելյան եւ Արեւելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի երկրները:  Գործընթացը մեկնարկել է 2009թ. Պրահայում եւ ուղղված է  անդամ-պետությունների միջեւ  միգրացիոն ոլորտում գործընկերության խորացմանը:

Համաժողովի  լիագումար  նիստերում քննարկվել է երեք հիմնական թեմա` «Անօրինական միգրացիայի դեմ պայքարն ու նախազգուշացումը», «Օրինական միգրացիան եւ շարժունակությունը`  աշխատանքային միգրացիայի շեշտադրմամբ» եւ «Միգրացիան ու  շարժունակությունը որպես զարգացման դրական ուժ»:

ՀՀ փոխվարչապետ Ա. Գեւորգյանը Շվեդիայի միգրացիայի եւ ապաստանի  քաղաքականության նախարար Թ. Բիլսթրոմի հետ վարել է համաժողովի լիագումար նիստի «Ապաստանի տրամադրման  եւ միջազգային պաշտպանության ոլորտում  ներուժի ամրապնդումը» թեմայով քննարկումը, որի ժամանակ հանդես է եկել նաեւ ելույթով:

Նա մասնավորապես կարեւորել է Պրահյան գործընթացի մասնակից-երկրների հետ միգրացիոն ոլորտում համագործակցության խորացումը, առկա խնդրների համատեղ քննարկումը եւ դրանց կարգավորմանն ուղղված  համաձայնեցված որոշումների մշակումը:  Փոխվարչապետն անդրադարձել է ապաստանի եւ միջազգային պաշտպանության համակարգում իրականացված քայլերին: «Չնայած ձեռքբերումներին` ապաստանի եւ պաշտպանության համակարգի կատարելագործման հարցերը մնում են մեր օրակարգում: Այսօր մենք կանգնած ենք ապաստանի ազգային համակարգը ԵՄ-ում ընդունված չափանիշներին ներդաշնակեցնելու անհրաժեշտության առջեւ»,-նշել է փոխվարչապետը:

Համաժողովի արդյունքներով հավանության է արժանացել Պրահյան գործընթացի  2012-2016թթ. գործողության ծրագիրը: