Ադրբեջանցիների հիմնական պահանջը մեզնից «Զանգեզուրի միջանցքն» է, որը նաեւ Ռուսաստանն է մեզնից պահանջում, որտեղ հսկողությունը պետք է իրականացնեն ռուսական սահմանապահ զորքերը: Այս մասին NEWS.am-ին հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը:
«Այսինքն այստեղ բոլորն ուզում են ունենալ «Զանգեզուրի միջանցք»: Թուրքիան ուզում է, Ռուսաստանն ուզում է, Ադրբեջանն ուզում է: Այստեղ միայն Իրանն է, որ ասում է՝ այդ միջանցքը մեզ համար կարմիր գիծ է: Մենք պետք է հասկանանք՝ ի՞նչ գնով է այդ միջանցքը լինելու: Երբ ասում ենք՝ խաղաղության խաչմերուկ, մենք համաձայն ենք, որ այդ ճանապարհները բացենք, բայց դրանք պետք է լինեն մեր հսկողության տակ: Մենք չենք ասում՝ այդ ճանապարհները չեն բացվելու: Ռուսները, թուրքերը, ադրբեջանցիները ասում են՝ ոչ, դուք չեք հսկելու:
Էրդողանը, երբ դեռ չէր վերընտրվել, Նախիջեւանում ասաց՝ այդ ճանապարհը մեզ պետք չի, մենք Իրանով ճանապարհը կանցկացնենք, հայերը կփոշմանեն, որ այդ ճանապարհը չեն բացել: Ընտրություններից հետո նորից ասում են, որ «Զանգեզուրի միջանցք» իրենց պետք է: Իրենք դիվանագիտություն են խաղում, իսկ մենք ասում ենք՝ ոչ եւ վերջ: Երբ մենք ենք ուզում դիվանագիտություն խաղալ, արդեն մեր որոշ ընդդիմադիրներ ասում են՝ ճիշտ չի ասում, խաբում է: Իմ հասկանալով դիվանագիտությունը խաբեբայությունն է: Մարդիկ ուրիշ բաներ էլ են ասում, ես դա չեմ ասում: Քաղաքականության մեջ շատը պետք է սուտ լինի, սուտ խոսել, խաբել: Որոշ պետություններ իրենց քաղաքականության մեջ դրել են խաբելը, ստելը»,-ասաց Մելքոնյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ էին բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, նախնական տվյալներով՝ հայկական կողմը հաղորդել էր 2 զոհի և վիրավորների մասին։ Ժամը 09:30-ի դրությամբ կրակը դադարել է։
Զոհվածներն են՝
Էդուարդ Համլետի Հարությունյան (1974 թ.),
Գագիկ Վարազդատի Մանուկյան (1982 թ.),
Արսեն Գագիկի Համբարձումյան (1979 թ.),
Հրաչյա Թալիշի Հովհաննիսյան (1957 թ.)։











