Մեր երաշխիքը մենք ենք ու մեր ժողովուրդը. ուղղակի պետք է ռազմական բալանսը վերականգնենք, մենք մեր երկիրը կարող ենք պահել, դարձնել անվտանգ երկիր: Այս մասին այսօր՝ փետրվարի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը:
«Դրա համար էլ մենք հիմա աշխատանքներ ենք տանում ամբողջ աշխարհի հետ, որտեղ հնարավոր ժամանակակից ռազմական տեխնիկա, ռազմամթերք ձեռք բերել, մենք կարողանում ենք բերել: Արդեն Հնդկաստանի ու Ֆրանսիայի հետ ունենք պայմանագրեր: Ուրիշ երկրների հետ էլ ունենք, որ կարողանանք ռազմական բալանսը վերականգնել: Մեզ պետք չի, որ որեւէ մեկը զինվոր բերի»,-հայտարարեց Գագիկ Մելքոնյանը:
Նա նկատեց, որ Ռուսաստանը եւս վերջերս որոշ քանակի զենք է տվել, որը դեռ վաղուց պետք է տար. «Պարտքի մի մասը տվել է, բայց եթե այս տարածաշրջանում պետք է լինի խաղաղություն, ուրեմն պետք է ռազմական բալանսը վերականգնվի: Ռուսաստանը որոշ խմբաքանակ տվել է, հիմա պետք է ուրիշ երկրներից նույնպես կարողանանք բերենք ռազմական տեխնիկա, ռազմական բալանսը վերականգնենք ու մեր անվտանգությունը պահպանենք: Խաղաղություն հնարավոր է այն ժամանակ, երբ կվերականգնենք ռազմական բալանսը»,-ասաց ՔՊ-ական պատգամավորը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ էին բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, նախնական տվյալներով՝ հայկական կողմը հաղորդել էր 4 զոհի և վիրավորների մասին։ Ժամը 09:30-ի դրությամբ կրակը դադարել է։
Զոհվածներն են՝
Էդուարդ Համլետի Հարությունյան (1974 թ.),
Գագիկ Վարազդատի Մանուկյան (1982 թ.),
Արսեն Գագիկի Համբարձումյան (1979 թ.),
Հրաչյա Թալիշի Հովհաննիսյան (1957 թ.)։











