Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի գտնվելու ժամկետը լրանում է 2025 թվականին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այհան Հաջիզադեն՝ մեկնաբանելով «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում Բաքվում ՌԴ դեսպան Միխայիլ Եվդոկիմովի հայտարարությունն այն մասին, որ կողմերը ներկայումս համաձայնեցնում են բանակցությունների հաջորդ փուլի ժամկետները՝ կապված ռուսական խաղաղապահ զորակազմի հետ։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, Հաջիզադեն ընդգծել է, որ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ ռուս խաղաղապահների գտնվելու ժամկետն ավարտվում է 2025 թվականին։
Նրա խոսքով, քննարկվում են խաղաղապահ զորախմբի ամենօրյա գործունեությանն ու տարբեր կարիքների բավարարմանը վերաբերող հարցեր։




























