Ավստրալիայի Կանբերա քաղաքում գտնվող պաշտպանության ուժերի ակադեմիայում կադետ աղջիկների 70%-ը սեռական ոտնձգության է ենթարկվել: Նման եզրահանգում է արվում զեկույցում, որը պատրաստվել է Ավստրիալիայի զինված ուժերում կանանց նկատմամբ խտրականության դեպքերի հետ կապված սկանդալային դեպքերի հետաքննության արդյունքներով, հաղորդում է Herald Sun-ը:
Հետաքննության առիթ է դարձել համացանցում տեղադրված տեսանյութը, որտեղ ինտիմ տեսարան է ներկայացվել ռազմական ակադեմիայի սանուհիների մասնակցությամբ, հաղորդում է Associated Press-ը:
Ավելի վաղ տեղեկատվություն էր հայտնվել Ավստրալիայի ռազմածովային ուժերի «Սակսես» նավի անձնակազմի անպատիվ վարքագծի մասին: Նավաստիների խումբը «մրցաշար» է կազմակերպել, որի հաղթողը դարձել է նա, ով ավելի շատ սեռական հաղթանակներ է արձանագրել անձնակազմի կին անդամների նկատմամբ:
Ավստրալիայի պաշտպանության նախարար Սթիվեն Սմիթը զայրացել է` տեղեկանալով այդ դեպքերի մասին: Նա կարգադրել է պարզել, թե ինչ է կատարվում զինված ուժերում սեռերի հարցում: Հետաքննությունն իրականացրել է Ավստրալիայի մարդու իրավունքների հանձնաժողովի սեռական խտրականության հարցերով պատասխանատու Էլիզաբեթ Բրոդերիկը: Ներկայումս հրապարկվում է զեկույցի առաջին մասը, իսկ այն ամբողջությամբ կհրապարակվի գալիք տարի:
Բրոդերիկը մոտ երեսուն հանձնարարական է ներկայացրել` ուղղված բանակում բարոյակայն իրավիճակի բարելավմանը եւ առավել թվով կանաց զինված ուժերում ներգրավելուն: Ներկայումս, օրինակ, կանայք կազմում են սկանդալի կենտրոնում հայտնված ռազմական ակադեմիայի մոտ քսան տոկոսը: Նրանց մեծ մասը, ինչպես նշվում է Բրոդերիկի զեկույցում, դրական է արտահայտվել հաստատության մասին:
Զեկույցի եզրահանգումներն այնքան էլ սարսափելի չեն եղել, ինչպես սպասվում էր, գրում է Herald Sun-ը, սակայն դրանում տեղ գտած դրվագները չափազանց պերճախոս են: Օրինակ, կադետ աղջիկներին արվել են խմբակային սեքսի եւ այլ առաջարկություններ:



























