Լիբիայի գահընկեց արված առաջնորդ Մուամար Քադաֆիի կյանքի վերջին րոպեներին փորձել է փրկել մի կին, սակայն նրա օպերացիան ձախողվել է: Այս մասին իր էջերում գրում է բրիտանական The Independent թերթը, նշելով, որ Քադաֆիի կյանքի համար պայքարել է քենիական արմատներով մի բրիտանուհի` Սառա Փենֆոլդը:
Ինչպես հայտնում է NEWSru.com-ը, Փենֆոլդն, իբր, կազմակերպել է հարավաֆրիկացի վարձկանների մի խումբ` նախկին հատուկջոկատայիններ, որոնք պետք է Սիրտ քաղաքից դուրս բերեին Քադաֆիին եւ նրա շրջապատը: Այդ խումբն ընկել է ՆԱՏՕ-ի ուժերի ռմբակոծության տակ, ապա վրա են հասել լիբիացի ապստամբները, որոնք էլ գերի են վերցրել Քադաֆիին, տանջել, ապա սպանել նրան:
Հատուկ խմբի երկու անդամները սպանվել են, մի քանիսը` վիրավորվել:
MIGnews-ի տվյալներով, ներկայումս խմբի մի մասը միացել է Քադաֆիի որդուն` Սեյֆ ալ-Իսլամին, ով հայտարարել է, որ շուտով հոր վրեժը հանելու է:
The Independent-ը գրում է, որ Քադաֆիին փրկելու անհաջող փորձի մասնակիցներից մի քանիսը 11 տարի առաջ Հասարակածային Գվինեայում պետական հեղաշրջման փորձի վետերաններ են:




























