Իսրայելը ավելի  ու ավելի է հակվում իրանական խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու մտքին` կարգավորման դիվանագիտական տարբերակը համարելով քիչ հավանական: Այսպես, իսրայելական Երկրորդ հեռուստաալիքին տված հարցազրույցում նախագահ  Շիմոն Պերեսը հայտնել է, որ Իրանի ատոմային խնդիրը լուծելու ժամանակը քիչ է, եւ իրանական խնդրի ռազմական լուծման մասին խոսում են մի քանի հանգամանքներ: Միաժամանակ, Իսրայելի նախագահը, ինչպես հայտնում է «Ռուսաստանի ձայնը» վկայակոչել է  տարբեր երկրների հետախուզական ծառայությունների  հաղորդագրությունները:

Նշենք, ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն եւ պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը փորձում են ձայների մեծամասնություն հավաքել Իրանին ռազմական հարված հասցնելու հավանություն ստանալու համար:  Սակայն Իսրայելի ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանը խիստ քննադատության էր ենթարկել այս տեղեկատվությունը եւ նման հրապարակումներն անվանել «միանգամայն անթույլատրելի եւ երկրին հսկայական վնաս հասցնող»:

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, նոյեմբերի 8-ին կհրապարակվի ՄԱԳԱՏԷ -ի զեկույցը` նվիրված Իրանի ատոմային ծրագրին: Հենց այդ զեկույցը, ինչպես սպասվում է, որոշիչ ազդեցություն կունենա Իսրայելի որոշման վրա:

Նոյեմբերի 2-ին իրանական բանակի գլխավոր շտաբի ղեկավար, գեներալ-մայոր Հասան Ֆիրուզաբադին Իսրայելին խորհուրդ էր տվել ձեռնպահ մնալ Իրանի դեմ գրոհելուց: Նա սպառնացել էր, որ «սիոնիստների հարձակմանն ի պատասխան Իրանի զինված ուժերը ջախջախիչ հարված կհասցնեն ԱՄՆ-ին եւ սիոնիստական վարչակարգին»: