Մոսկվայում բժշկակենսաբանական խնդիրների ինստիտուտում հաջողությամբ ավարվել է գիտափորձը, որի ժամանակ նմանակվել է  դեպի Մարս ուղեւորությունը. մարսագնացները «հաջողությամբ երկիր են վերադարձել»:

Ինչպես հաղորդում է «Վեստին», գիտափորձը մեկնարկել է 2007թ-ին եւ երեք փուլ է ներառել` 14, 105 եւ 520 օր կատարյալ մեկուսացում  հատուկ նմանեցված միջմոլորակային նավ- մոդուլներում: Փորձարկողների դերում  տարբեր փուլերում հանդես է եկել  տարբեր երկրներից ժամանած 18  մարդ:

Միաժամանակ տիեզերագնացները հասցրել են ոչ միայն թռչել Մարս եւ վերադառնալ, այլ նաեւ ամուսնանալ:  Երկրորդ փուլի ավարտից հետո միանգամից երեք մարսագնացներ հարսանիք են արել: Առաջինը եղել է ֆրանսիացի Սիրիլ Ֆուրեն, ով անձնակազմի բոլոր անդամներին հրավիրել է Փարիզ:

Նախագծի նպատակը եղել է  երկար ժամանակ մեկուսացված վիճակում գտնվող անձնակազմի աշխատունակության եւ առողջական վիճակի վերաբերյալ փորձագիտական տվյալների ստացումը:

Անցկացվել է նաեւ կենդանի օրգանիզմների վրա տիեզերական ճառագայթման  ազդեցության հետազոտություն,  քանի որ հենց ճառագայթումը կարող է վտանգ ներկայացնել դեպի Մարս թռիչքի ժամանակ: