Սիրիայի իշխանությունները զինված խմբավորումներին համաներում են խոստացել զինված դիմադրություններից հրաժարվելու եւ զենքը հանձնելու դիմաց: Ըստ BBC-ի ռուսական ծառայության` առաջարկն արվել է նախօրեին եւ ուժի մեջ կլինի մեկ շաբաթ:
Գործակալությունը, հիմնվելով տեղի լրատվամիջոցների տեղեկությունների վրա, հաղորդում է, որ Հոմս քաղաքում կրոնական հողի վրա կատարվող սպանությունների ալիք է սկսել: Բժիշկները BBC-ի թղթակցին հայտնել էին, որ նախօրեին հիվանդանոց են տեղափոխել հարյուրից ավելի դիակներ: Սիրիայի տարբեր քաղաքներում շարունակվում են հակակառավարական ցույցերը:
Ըստ «Ինտերֆաքսի»` Դամասկոսը ժխտում է Հոմս քաղաքում ցուցարարների սպանության մասին տեղեկատվությունը: Պաշտոնական իշխանությունները հայտնում են, որ երկրի դեմ «տեղեկատվական պատերազմ» է սկսվել: Սիրիայում ոչ թե «խաղաղ ցուցարարներ» են, այլ դրսից հովանավորվող զինված խմբավորումներ: Հենց նրանց էլ իշխանությունները առաջարկել են համաներում` ինքնակամ հանձնվելու դիմաց:
Իրենց հերթին, սիրիական իրավապաշտպանները մեղադրել են իշխանություններին Արաբական պետությունների լիգայի հետ կնքած համաձայնագրի կետերը չկատարելու համար:
Հիշեցնենք, նոյեմբերի 2-ին Սիրիան համաձայնել էր երկրում իրավիճակի կարգավորման Արաբական պետությունների լիգայի առաջարկին: Ընդունված «ճանապարհային քարտեզի» համաձայն` իշխանությունները պետք է քաղաքներից դուրս հանեին զորքերը եւ դադարեցնեին ռազմական գործողությունները:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Սիրիայում հակակառավարական ցույցերն սկսել են մարտի կեսերից: Ընդդիմությունը պահանջում է նախագահ Բաշար Ասադի հրաժարականը եւ քաղաքական փոփոխություններ: ՄԱԿ-ի տվյալներով` բախումների արդյունքում Սիրիայում զոհերի թիվը գերազանցում է երեք հազարը:




























