Լոս Անջելեսի «Գիբսոն» համերգասրահում նոյեմբերի 1-ին «Այլեւս երբեք» (Never again) համերգաշարի առաջին համերգն է կայացել` նվիրված 1915թ. Հայոց ցեղասպանության 100-ամյակին: Այդ համերգների ընթացքում ելույթ կունենան համաշխարհային աստղեր: Համերգները կշարունակվեն մինչեւ 2015 թվականը: Այս մասին գրում է «Nouvelles d`Arménie»-ն:
«Մենք ասում ենք «Այլեւս երբեք», որպեսզի այն չկրկնվի»,- ասել է երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանը` «Այլեւս երբեք» նախագծի կազմակերպիչներից մեկը»: «Եկել է Թուրքիայի իրագործած պատմական ոճրագործությունը մարդկության կողմից դատապարտելու ժամանակը»,- ասել է երգչուհի Ալեքսիա Վասիլիուն: «Դա ապացույցն է այն բանի, որ անգամ այսօր մարդկության դեմ ուղղված հանցագործություններ են կատարվում: Ուշադրությունը բեւեռելով Հայոց ցեղասպանության վրա` ուզում ենք արթնացնել մարդկային խիղճը»,- ասել է Էրիկ Բենեթը: Մայքլ Սթոունն ասել է. «Երգի դերը այս գործում շատ մեծ է, մենք շատ բան կարող ենք անել»: Լեգենդար երգիչ Սթիվի Ուոնդերը` Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված երեկոյի աստղը, ասել է. «Ես այստեղ եկել եմ իբրեւ աշխարհի դեսպան, ես ոչ մի ազգի ներկայացուցիչ չեմ: Ես առանձին անհատականություն եմ` Սթիվի Ուոնդերը: Իմ ամբողջ կյանքում ես պայքարել եմ մարդկանց միջեւ խաղաղության համար, հանուն սիրո»: Սթիվի Ուոնդերը եզրափակել է Լոս Անջելեսի շոուն` երիտասարդ երաժիշտների նվագակցությամբ:


























