Նոր հաղթանակների ծարավ Վիկ Դարչինյանը կարծում է, որ հաջորդ տարի կդառնա աշխարհի չեմպիոնի ռեկորդային քանակի գոտիների տիրակալ: Այդ մասին գրում է «Wide World of Sports»-ը:
IBO վարկածի թեթեւագույն քաշային կարգի աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինայի հաջորդ նպատակը իններորդ գոտին է: Հաջորդ ամիս Կալիֆոռնիայում Դարչինյանը կմենամարտի WBA վարկածի աշխարհի սուպերչեմպիոն, պանամացի Անսելմո Մոռենոյի հետ:
Հզոր հարված ունեցող ձախլիկը սեղանին տեղ չգտավ իր բոլոր գոտիները դնելու համար, երբ ուրբաթ օրը հայտնի դարձավ, որ Մոռենոյի հետ մենամարտը ցուցադրվելու է «7mate» անվճար հեռուստաալիքով:
«Ես ավելի մեծ քանակի գոտիների մասին եմ մտածում: Օսկար դե լա Հոյան նվաճել է 10 տիտղոս, ես ունեմ 8 գոտի եւ ձգտում եմ ավելիի: Կցանկանայի նվաճել եւս երեք գոտի եւ դառնալ առաջին համարը բռնցքամարտի պատմության մեջ: Կարիերայիս ավարտից հետո ես ուզում եմ լինել այն մարդը, ում մասին կխոսեն ու կհիշեն»,- ասել է Դարչինյանը:
Նա մտադիր է 2012-ին հանդես գալ երկրորդ թեթեւ քաշային կարգում, սակայն Մոռենոյի հետ մենամարտից հետո կարող է եւ մնալ թեթեւագույն քաշային կարգում:
«Հաջորդ տարի կտեղափոխվեմ երկրորդ թեթեւ քաշային կարգ: Եթե կարողանամ հավաքել թեթեւագույն քաշային կարգի բոլոր գոտիները եւ դառնալ աշխարհի բացարձակ չեմպիոն, ապա կանեմ դա: Դրա համար պետք է ինձ ձեռնոց նետեն: Եթե դա չլինի, ապա կտեղափոխվեմ ավելի բարձր քաշային կարգ»,- նշել է Դարչինյանը:
Դարչինյանը ուրախ է, որ անվճար հեռուստաեթերի շնորհիվ կարող է մեծացնել իր երկրպագուների թիվը:
«Ավստրալիայում մարդիկ կտեսնեն ինձ անվճար հեռուստաալիքով եւ կսկսեն խոսել իմ մասին: Ես անհամբերությամբ եմ սպասում մենամարտին: Ես երջանիկ եմ, որ մրցակիցս երբեք նոկաուտի չի ենթարկվել, քանի որ ես մտադիր եմ հաղթել նրան նոկաուտով: Ես շատ կենտրոնացած եմ այդ մենամարտի վրա եւ պատրաստվում եմ ցույց տալ լավագույն արդյունքս»,- եզրափակել է Վիկ Դարչինյանը:



























