Ֆրանսիակա Charlie Hebdo երգիծական ամսագրի խմբագրությունը չի պատրաստվում հանձնվել եւ մտադիր է մեծ տպաքանակով վերահրատարակել  իսլամիստների մասին հումորներ պարունակող համարը, որի համար խմբագրությունը օրեր առաջ հարձակման էր ենթարկվել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ամսագրի խմբագիր Ստեֆան Շարբոնիեն ասել է, որ 75 հազար տպաքանակը շատ շուտ սպառվել է, եւ իրենք մտադիր են եւս 175 հազար հատ տպել:

SITE համացանցային դիտարկող ծառայությունը հավաստիացնում է, որ իսլամիստ ծայրահեղականները իրենց ֆորումներում ողջունել են փարիզյան խմբագրությունն այրելը:

Բայց շատ մուսուլմաններ էլ հումորով են վերաբերվել եւ ըմբռնումով:

Հիշեցնենք, Փարիզում նոյեմբերի 2-ին անհայտ անձինք հրկիզել էին Charlie Hebdo ամսագրի գլխավոր գրասենյակը: Գրասենյակի հարձակմանը զուգահեռ, կոտրել էին նաեւ ամսագրի կայքը: Հարձակումները տեղի էին ունեցել այն բանից հետո, երբ նախօրեին  ամսագիրը հայտարարել էր, որ իր նոր համարի գլխավոր խմբագիրը Մուհամեդ մարգարեն է դարձել:  Մարգարեն Թունիսի ընտրություններում Չափավոր իսլամիստների կուսակցության հաղթանակին նվիրված համարի խմբագիրն էր դարձել:  Ըստ BBC News-ի` ամսագրում գրել էին, որ մարգարեին խնդրել են խմբագրել համարը, եւ նա համաձայնել է: Ամսագրի կազմին եղել է մարգարեի ծաղրանկարը: Իսլամը, ինչպես հայտնի է, արգելում է Մուհամեդ մարգարեին ցանկացած ձեւով պատկերելը: