Ռուսաստանի քաղաքներում մեկ օրում ձերբակալվել են ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու հիշատակին նվիրված ակցիաների ավելի քան 250 մասնակիցներ։ Այս մասին «Настоящее Время»-ի եթերում ասել է «ОВД-Инфо» նախագծի աշխատակից Դմիտրի Անիսիմովը։

«Ամենից շատ ձերբակալվածները Սանկտ Պետերբուրգում են. մոտ 130 մարդ։ Երեկ այնտեղ հատկապես կոշտ ձերբակալություններ էին կատարվում։ Ոստիկանության որոշ բաժիններում երկար ժամանակ փաստաբաններին չէին թողնում։ Բացի այդ, Պետերբուրգում ոստիկանները կիրառում են մահակներ եւ էլեկտրաշոկեր, թեեւ ձերբակալվածները չեն ընդդիմանում»,- ավելացրել է Անիսիմովը։

Նա նշել է, որ մարդիկ հիմնականում մեղադրվում են ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին չենթարկվելու մեջ։ Հայտնի է նաեւ առնվազն մեկ մարդու ձերբակալման մասին, որի դեմ արձանագրություն է կազմվել ռուսական բանակի «վարկաբեկման» հոդվածով։

Ներկա պահին հայտնի է ձերբակալությունների մասին ռուսական 21 քաղաքներում։ Սանկտ Պետերբուրգից բացի զանգվածային ձերբակալություններ են կատարվել Մոսկվայում եւ Նիժնի Նովգորոդում։