Հայաստանի կառավարությունը մի քանի տարի շարունակ ոչինչ չի արել` ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելու համար: Այս մասին NEWS.am –ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արա Նռանյանը` ընդգծելով, որ պետբյուջեն ձեւավորվում է ոչ միայն այն հարկերից, որոնք վճարում են գործող իշխանությունների օգտին քվեարկած քաղաքացիները, այլ բոլորի հարկերից, եւ այն պետք է ծառայի բոլորին:
Որպես հիմնական խնդիր Նռանյանը նշեց կառավարության ցածր եկամուտների քաղաքականությունը: «Իշխանություններն այն դիտարկում են որպես գնաճի տեմպի զսպման միջոց, սակայն, իրականում այդ քաղաքականությունը հետընթացի երաշխիք է»,-ընդգծեց պատգամավորը: Նրա խոսքով` գնաճն ունի օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ: «Օբյեկտիվն արտաքին գործոններն են, ապրանքների եւ հումքի միջազգային գները: Հայաստանի տնտեսությունը հիմնականում կախված է ներմուծումից: Ինչ վերաբերում է սուբյեկտիվ գործոններին, ապա դա կառավարության քաղքականությունն է, երկրում մենաշնորհների առկայությունը»,-նշեց զրուցակիցը:
Արա Նռանյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ տնտեսական զարգացման եւ Եվրոպայի հետ առավել սերտ ինտեգրման պարագայում հեռանկարում Հայաստանում գները եւս վաղ թե ուշ կհասնեն եվրոպականի մակարդակին, սակայն ներկայիս մեկ շնչին ընկվող միջին եկամտի դեպքում դա աղետ կլինի: «ԵՄ զարգացած երկրներում, ԱՄՆ-ում, Կանդայում գները բարձր են, սակայն բարձր են նաեւ եկամուտները: Դա նրանց թույլ է տալիս բարձր կենսամակարդակ ունենալ»,-նկատեց զրուցակիցը:
Նռանյանը նշեց, որ նախկին իշխանությունները պարբերաբար բարձրացնում էին կենսաթոշակները, աշխատավարձերն ու նպաստները, եւ այն ժամանակ մարդիկ ավելի լավ էին ապրում, իսկ ներկայիս կառավարությունը դա չի անում. «Հիմա կառավարությունն այդպես չի անում, գներն աճում են, իսկ քաղաքացիները փաստացի ֆինանսական վնաս են կրում: Պետծառայողների բազային աշխատավարձն արդեն մի քանի տարի չի ավելանում, կենսաթոշակների եւ նպաստների խղճուկ` 2500 դրամով բարձարցումը ոչինչ չի փոխում»,- նշեց Նռանյանը` ավելացնելով, որ հույս չունեն, թե կառավարությունը կբարձրացնի աշխատավարձերը:
Նա եւս մեկ անգամ ընդգծեց, որ ցածր եկամուտների քաղաքականության միջոցով գնաճի դեմ պայքարելն ուղղակի ծիծաղելի է: «Ինչքան էլ պահես ցածր եկամուտը, գոյություն ունեն միջազգային գներ, որոնց վրա հնարավոր չէ ազդել»,-նշեց նա:
ՀՅԴ պատգամավորը վերջում նկատեց, որ նման քաղաքականության հիմնական հետեւանքներից մեկն արտագաղթն է: «Այս պայմաններում մարդիկ պարզպես չեն կարող նորմալ ապրել: Մենք քաղաքացիների աղքատացման ականտեսը դարձանք, երբ գնաճի տեմպն անցավ բոլոր հնարավոր եւ անհնար սահմանները, եւ հաջորդ տարի, ըստ կանխատեսումների, այն չի նվազի: Դրան զուգահեռ` նվեզել են արտերկրից դրամական փոխանցումները: Արդյունքում ` բնակչությունը չի կարող փակել տարրական ծասերը եւ ստիպված է արտագաղթել»,-եզրափակեց նա:




























