Մահմեդական գլխավոր տոնի` Կուրբան Բայրամի կապակցությամբ  Սիրիայի իշխանություններն ազատ են արձակել 553 մարդու, որոնք ձերբակալվել էին անկարգություններին մասնակցելու համար, հաղորդում է Սանա գործակալությունը: Ավելի վաղ ազատ էր արձակվել եւս 119 մարդ:

Միաժամանակ,  Reuters  գործակալությունը հաղորդում է, որ Սիրիայում ցուցարարների հետ բախումների արդյունքում նորից զոհեր կան. առնվազն չորս մարդ է զոհվել: Ինչպես փոխանցել է ակտիվիստներից մեկը, ինքնաբուխ ցույցն առաջացել է մզկիթներում տոնական աղոթքից հետո:

Նոյեմբերի 5 –ին բախումների արդյուքնում հաղորդվում էր առնվազն 20  զոհի մասին:

Հիշեցնենք, որ նոյեմբերի  4 –ին Սիրիայի իշխանությունները զինված խմբավորումներին համաներում էին խոստացել` զինված դիմադրությունից հրաժարվելու եւ զենքը հանձնելու դիմաց: Իշխանությունների առաջարկն ուժի մեջ է մեկ շաբաթվա ընթացքում:

Ավելի վաղ Սիրիան համաձայնել էր Արաբական պետությունների լիգայի` իրավիճակը կարգավորելու մասին առաջարկություններին: Համաձայն ընդունված «ճանապարհային քարտեզի»,  իշխանությունները պետք է անհապաղ դուրս բերեն զորքերը քաղաքից եւ դադարեցնեն զինված գործողությունները: