Կառավարություն եկել եմ այն խնդրանքով, որ առաջինը մեր Արցախը հետ տան, մենք էլ վերադառնանք մեր տները: Այս մասին, այսօր՝ փետրվարի 20-ին, կառավարության դիմաց անհետ կորած զինծառայողների բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց հադրութցի Անուշիկ Ասրյանը:

«Ես երկու անգամ եմ տարհանվել. Նախ Հադրութից, որից հետո գնացել եմ Ստեփանակերտ, հրաժարվել եմ սերտիֆիկատից, ասել եմ՝ ես մեր հող ու ջուրն եմ ուզում: Ես 41 տարի այնտեղ ապրել եմ, ամուսնացել եմ, 5 երեխա եմ ունեցել, իմ մանկությունը, հիշողությունը ամեն ինչ այնտեղ է: 2020-ի պատերազմից հետո հետ եմ գնացել  Ստեփանակերտ, էնտեղ տուն եմ ստացել: 44-օրյա պատերազմում համ տղես է զոհվել, համ փեսաս: Ես չեմ պատկերացրել, որ Ստեփանակերտն էլ կտան թուրքերին:

Հիմա դռնեդուռ մ ընկել: Եթե մենք չենք գնալու Արցախ, թող գոնե մեր երեխեքի շիրիմները բերեն, մենք կարողանանք երեխեքի գերեզմաններին մի ծաղիկ դնենք, շիրիմները մաքրենք»,-ասաց նա:

Կինն ասաց, որ փեսան՝ Արմեն Բադասյանը, Մարտական խաչի է արժանացել. «Հիմա աղջիկս այդ Մարտական խաչի գումարներն էլ չի ստանում, երեխաների նպաստներն էլ են կտրել, երկու անչափահաս երեխա ունի: 50-հազարական դրամ ստանում էր, հիմա էլ չեն տալիս:

Ես հիմա վարձով ապրում եմ Չարենցավանում, մինչեւ տեսնենք՝ մեր հարցն ինչպես է լուծվում: Ես երկրորդ կարգի հաշմանդամություն ունեմ: Երբ տղաս զոհվել է, ինձ ինսուլտ է խփել, կոմայի մեջ եմ ընկել, մի քանի օր հետո իմացա, որ բալաս չկա: Դեղերով ապրում եմ, բայց սա ապրել չի: Ամուսինս 1990-ականների պատերազմի մասնակից էր, հաշմանդամություն ունի, բայց նորից գնաց պատերազմ: Ամուսինս ու երկու որդիներս»:

Հարցին, թե ի՞նչ ակնկալի ունի կառավարությունից, Անուշիկ Ասրյանը պատասխանեց. «Ոչ մի հույս չունեմ: Այն պատճառով, որ մեզ որպես զոհվածի ծնող առաջնահերթ տուն են տվել Ստեփանակերտում, բայց հիմա դա էլ եմ կորցրել: Չգիտեմ՝ էլ ինչ մտածեմ: Եթե պետք է տունը կորցնեի, թող ժամանակին ասեի, տղայիս տեղափոխեինք «Եռաբլուր»:

Չեմ կարողանում համակերպվեմ իմ հայրենիքի կորստի հետ: Եթե հետ չենք գնալու, գոնե մեր երեխեքի շիրիմների համար մի բան մտծեն, մի տեղ սարքեն, ես տանեմ իմ երեխու նկարի մոտ մի ծաղիկ դնեմ: Բայց ոչ մի լուծում չկա»: